2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը դատավոր Մեսրոպ Մակյանին մի հարցի շուրջ մտահոգություն հայտնեց եւ պարզաբանում խնդրեց: Նախ ասաց, որ օրերս ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Արթուր Վանոյանի (որն այս գործով տուժող է ճանաչված) անվամբ Կոտայքի մարզում դպրոց է անվանակոչվել, մինչդեռ Կառավարության որոշման համաձայն՝ անվանակոչություն կարող է լինել անձի մահից տասը տարի անց:
«Կասկած ունեմ, որ դատարանի եւ դատախազության կողմից ԿԳՆ-ին ներկայացվել է ինչ-որ փաստաթուղթ… Կամ դուք տեղյակ եք դրանից, կամ քաղաքական իշխանությունն այդ հարցը լուծել է ձեզանից անկախ ճանապարհով: Միջնորդում եմ կրթության նախարարից պահանջել հավաստող փաստաթղթեր, որոնցում, ստացվում է, որ արդեն իսկ հաստատված հանգամանքներ կան, եւ տասը տարին էլ «անցել» է…»,-նկատեց Հարություն Բաղդասարյանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ պնդելով, որ այն քրեադատավարական ընթացակարգի հետ կապ չունի, իսկ պաշտպանի որոշ մտքեր «վառ երեւակայության արդյունքում» են ծնվել:
Դատավոր Մեսրոպ Մակյանն իր հերթին ասաց. «Տեղյակ եմ անվանակոչության մասին, բայց չգիտեմ՝ ո՞նց է դա լինում, ընթացակարգին տեղյակ չեմ…Դատարանի գործառույթներից դուրս է դա, ես էլ այդ անվանակոչման հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել»:
Միջնորդությունը մերժվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ