Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը կբացահայտի` ինչու են անտեսում Լեոնիդ Ազգալդյանին

Նոյեմբեր 22,2017 17:01

«Հանճարեղ ռուս գրողները դպրոցների անուններ ունեն, ինձ համար անհայտ Արգենտինացի գրողն իր դպրոցն ունի, քանի որ էնտեղից հաճախ ֆինանսավորումներ են լինում, իսկ մեր ազգային հերոսները` Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ, անգամ ճանաչված էլ չեն հասարակության կողմից, փաստորեն ստացվում է, որ մենք ֆինանսականը գնահատող ազգ ենք, եւ մեզ համար երկրորդ կամ երրորդ տեղերում են ազգային արժեքները, մենք չենք գնահատում եւ հպարտանում այն անձնագրով, որը կրում ենք»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Լեոնիդ Ազգալդյանի հիմնած «ազատագրական բանակ» ջոկատի զինվոր, «Կարին» ավանդական երգի-պարի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով, մեր գլխավոր թերությունն այն է, որ «հպարտանալու առիթները թողած հաճախ լուսաբանում ենք թիթեռի կյանք ունեցող հարցեր, բայց այն խնդիրները, որոնք հավերժական հարցեր են լուծում, սերունդ դաստիարակում, ազգի ռազմական ոգեղենությունը բարձրացնում եւ ազգի հարատեւումն ապահովում` անտեսում»:

Նրա խոսքով. «Լեոնիդ Ազգալդյանի հարցը ցավոք այդ հարատեւ ձգվող հարցերից է, եւ այն փաստը, որ նման հերոսները չեն գնահատվում արժանիորեն, դա թերեւս պատմությունը կբացահայտի, թե որտեղ է թաքնված գաղտնիքը, եւ թե ինչու են խուսափում այս հզոր կերպարից»:
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 22 -ին լրանում է հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից` «Փողոցների եւ այլ օբյեկտների վերանվանում եւ անվանում» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը նկատեց, որ  նախորդ տարի ստորագրահավաք էր անցկացվում` Ազգալդյանի անունով փողոց վերանվանելու համար. «Մոտ 9000 ստորագրություն էր հավաքվել, որպեսզի այդ հարցը Երեւանի ավագանու նիստում քննարկման դրվեր: Արանքում ավագանու ընտրություններն ընկան: Այդ հարցը քննարկման չդրվեց: Նոյեմբերի 29-ին կքննարկվի այդ նախագիծը: Բայց ՀՀԿ-ն նոր նախագիծ է առաջ քաշել` առաջարկելով մեկ այլ փողոց անվանակոչել Ազգալդյանի անունով: ՀՀԿ-ի առաջարկած փողոցը փոքրիկ է, նեղլիկ: Մենք կարծում ենք, որ առաջնային նշանակություն ունեցող մի փողոց պիտի կոչվեր Ազգալդյանի անունով: ՀՀԿ-ն ուզում է ուղղակի պարտականություն կատարելու համար ինչ-որ փողոց անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անունով»:

«Քայլերթ ի մեծարում Լեոնիդ Ազգալդյանի» նախաձեռնության հեղինակներից Գեղամ Օհանյանը նշեց` հայ ժողովուրդը պետք է ձգտի ճանաչել ու մեծարել իր հերոսներին, իսկ դրան հասնելու համար, ըստ նրա, աշխատանքներ պիտի իրականացնի նաեւ պետությունը:

Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930