«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների եւ պատգամավորների ու կառավարության անդամների հետ քննարկման ավարտից հետո նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողներին ասաց, թե որոնք էին իրենց սկզբունքները, եւ ինչ արդյունք ունեն հանդիպումից հետո: Նրանք առաջարկում էին տարկետումը եւ կրթության անընդհատությունը պահպանել, նաեւ սոցիալական սկզբունքը պահպանել, որ բոլորը պետք է ծառայեն. «Մեր սկզբունքը` «տարկետում լինելու է» արդեն դառնում է իրականություն: Այստեղ խնդիր է դառնում այն, թե որքան տեղ եւ ինչ չափանիշներ կորոշեն»,- հայտարարեց Դավիթ Պետրոսյանը:
Նա ասաց. «Սկզբունքը պետք է լինի այն, որ ոչ թե բուհը տանեն բանակ, այլ բանակը բերեն բուհ: «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծառայության հետ մեկտեղ կլինի այլ ծառայության ձեւ, համաձայնութուն եղավ, որ այդ սկզբունքը կքննարկվի: Սոցիալական արդարությունն էլ կլուծվի: Սա աշխատանքային քննարկում էր, հիմք էր՝ հետագա քննարկումների համար: Մենք չենք մոռանում, թե ինչպիսի ճանապարհով կարողացանք հասնել այս քննարկմանը»:
Հարցին՝ որտեցի՞ց ձեզ այդ վստահությունը, որ «տարկետում լինելու է» սկզբունքը իրականություն է դառնում՝ Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, որ ԿԳՆ-ն ՊՆ-ի հետ հաստատելու է տարկետման տեղեր: Կառավարության որոշմամբ պետք է հստակեցվի, թե ինչ տեղերի համար ինչ քանակով պետք է լինի. «Ես չեմ ուզում ասել, որ ամոբողջությամբ դա իրականություն է: Խոսքում նշվեց, որ Կոնսերվատորիայի ուսանողների համար դա ճակատագրական կարող է լինել, պետք է հստակեցվի: Հստակեցումը իրենից ենթադրելու է, որ կարգը պետք է փոխվի, թե ում է տրվում տարկետումը եւ ինչպես»:
Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենք առաջարկ են ներկայացրել, բայց մասնագիտական քննարկման տեղ կա:
Հարցին՝ ձեզ համար սկզբունքայի՞ն են լինելու երկու առաջարկություններն էլ, պնդելու եք, որ դրանք իրականությո՞ւն դառնան՝ Դավիթ Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ