Նոյեմբերի 21-ին Երևանում մեկնարկել է արտաքին գովազդի փառատոնը։ Այն անցկացվում է 2-րդ անգամ եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 26-ը։ Փառատոնին մասնակցելու են աշխարհահռչակ գովազդային գործակալությունների՝ DDB, Saatchi & Saatchi, Jung von Matt, JCDecaux եւ ИКРА-ի ներկայացուցիչները, որոնք վարպետության դասեր են ունենալու։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին գովազդի եւ ձեւավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշեց, որ փառատոնի նպատակը Երեւանում արտաքին գովազդի զարգացումն է եւ արտաքին գովազդի լավագույն նմուշների ընտրությունը։
«Մենք վստահ ենք, որ միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից այդ ընտրությունը կլինի անաչառ եւ մենք կբացահայտենք տարվա ընթացքում գովազդային գործակալությունների կողմից ստեղծված լավագույն գովազդային նմուշները»։
Փառատոնին մասնակցելու են ուսանողներ, որոնք ներկայացնելու են արտաքին գովազդի հետ կապված իրենց առաջարկությունները։ Արտաքին գովազդի փառատոնի նախագահ Էմմա Սարգսյանի խոսքով, կազմակերպելու են մրցույթներ, որպեսզի գտնեն ոչ միայն լավագույն գովազդային նմուշներն, այլեւ զարգացնեն կրեատիվ մտածողությունը։
«Մենք մեր հյուրերին խնդրել ենք ուսանողներին տալ առաջադրանքներ եւ փառատոնի փակման արարողության ժամանակ կհայտարարենք լավագույն գովազդային նմուշների հեղինակների անունները, որոնք հնարավորություն կունենան պրակտիկա անցնելու Հայաստանի առաջատար գովազդային ընկերություններում»:
Գովազդային կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ ուրախ են կիսել իրենց փորձն ու գիտելիքները հայ մասնակիցների հետ։ Jung von Matt կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը նշեց, որ կանդրադառնա սոցիալական գովազդին, քանի որ այդ ոլորտում շատ մեծ փորձ ունի եւ օգտակար խորհուրդներ կտա հայ մասնակիցներին։ Ժյուրիի անդամները հավելեցին, որ թեեւ քիչ ժամանակ է ինչ Երեւանում են, բայց հասցրել են փոքր-ինչ ուսումնասիրել արտաքին գովազդը։ Նրանց խոսքով հետաքրքիր գովազդներ կան, բայց զարգանալու տեղ միանշանակ կա։
Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ