«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների եւ պատգամավորների ու կառավարության անդամների հետ հանդիպումն արդեն ավարտվել է: Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով քննարկումը, շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ կառուցողականության համար, շնորհակալություն հայտնեց նաեւ ԿԳՆ, ՊՆ-ին, Արա Բաբլոյանին, քննարկմանը ներկա պատգամավորներին. «Այսօր ես շատ լավատես եմ, նաեւ երջանիկ եմ, որովհետեւ այն, ինչ նախատեսել էի իմ մտքում, ստացվեց: Իսկ նախատեսել էի իրականացնել առարկայական, նորմալ,կառուցողական քննարկում՝ առանց ավելորդ էմոցիաների»:
Նա ասաց, որ իրենց նպատակն այն էր, որ քննարկման արդյունքում մոտեցնեին կողմերի տեսակետները: Բազում էին այն օրինակները, որտեղ կառավարության անդամների եւ ուսանողների կարծիքները խնդրի լուծման հարցում համընկնում էին:
Շարմազանովն ասաց, որ քննարկման արդյունքում առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ՝ ՊՆ-ին կից, խմբում կընդգրկվեն ուսանողները եւ բոլոր շահագրգիռ կողմերը, մինչ այդ 2 շաբաթ ժամանակ է տրվել, որ ուսանողներն իրենց առաջարկությունները փաստաթղթավորված ներկայացնեն ԿԳ-ին եւ ՊՆ–ին:
Ավելի առարկայական քննարկումները կլինեն ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ