Գիտությանը ծառայելն էլ է ծառայություն, պետք չի նվաստացնել գիտության ծառայությունը միայն այն բանի համար, որ հասարակության լայն զանգվածներին տեսանելի չի նրա արածը: Իրենց տեսակետը հայտնեցին ուսանողները պատգամավորների, պաշտպանության եւ կրթության, գիտության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ըստ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների` «միջազգային օլիմպիադայով տարկետում տալը բացարձակ անարդար է»: Նման տեսակետ հայտնել էր ԿԳ նախարարը: Ուսանողների խոսքով՝ «Գաղտնիք չէ, որ առարկայական միջազգային օլիմպիադաներում հաջողություն ունենում են 3 դպրոցների աշակերտներ միայն: Քանի դեռ ՀՀ բոլոր դպրոցները չունեն օլիմպիական խմբակներ, դրանից անարդար են օգտվելու, մինչդեռ այնտեղ էլ կան խելացի երեխաներ, բայց տեղանքից կախված՝ չեն կարող մասնակցել»:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունելով՝ շատ խնդիրներ են լուծել: Ուսանողներն առաջարկել էին, որ բանակը գնա բուհ, ոչ թե հակառակը լինի: Պատգամավորի խոսքով՝ ոչ թե գիտնականը պետք է գնա բանակ, այլ՝ գիտությունը գնա բանակ. «Թող բանակում ճշտվի՝ ով է ուզում գիտնական դառնալ, ով կարող է դառնալ եւ ով չի կարող դառնալ: Չկա տարբերություն, թե քաղաքացին որտեղ է սովորում եւ որ դասախոսի մոտ է պաշտպանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ