Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ գործընկերությամբ, Բիզնես Ֆրանսը՝ ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման և նրանց արտահանումների գործակալությունը, Tastin’France գործողության շրջանակում կազմակերպել էր ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների համտես , որ կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը` նոյեմբերի 22-ին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասաց, որ 22 տեսակ գինիներ եւ ոգելից խմիչքներ են ներկայացված համտեսին, ներկա են Լե Գրան Շե դը Ֆրանսը, Աշիլեն, Արմանյակ Կաստարեդը եւ Դեկոմբը:
Դեսպանի խոսքով, գինու հանդեպ մոտեցումը Ֆրանսիայում ամրագրված է օրենքով, մասնավորապես գյուղատնտեսության վերաբերյալ օրենսգրքում ամրագրված է, որ գինին եւ խաղողից ստացված մթերքները, այն հողերը, որտեղ խաղող է աճեցվում, Ֆրանսիայի կողմից պահպանվող մշակութային, գաստրոնոմիական, պատմական ժառանգության մաս են կազմում: «Ֆրանսիայում առաջատար ճյուղերից մեկն է գինեգործությունը, աշխարհում գինու արտադրության 16 տոկոսը բաժին է հասնում Ֆրանսիային, իսկ Ֆրանսիական գինիների արտահանմանը` 30 տոկոսը: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում նպատակ ունենք ներառել նաեւ Հայաստանը` հաշվի առնելով Հայաստանում ձեւավորված պատմական ավանդույթները: Գինին Հայաստանի մշակութային եւ գաստրոնոմիական ժառանգության անքակտելի մաս է կազմում, չմոռանանք, որ մենք Արարատ լեռան փեշերին ենք, եւ որ առաջին խաղողի այգիներն այստեղից շատ մոտ տարածքում են աճել: Գինին էլ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության խորհուրդներից մեկն է»,- հավելեց Ժոնաթան Լաքոտը:
Ապա հավելեց. «Այսօր արդեն Հայաստանում են fրանսիական գինիների արտադրողներ: Բացի առեւտրային գործընկեր լինելուց, Հայաստանն ավելի ընդգրկուն դերակատարություն ունի ստանձնած… Ընդամենը երկու օր հետո Հայաստանը կստորագրի ԵՄ հետ պայմանագիրը, որով կդյուրացվեն առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ միջեւ: Այս իմաստով համտեսը լավագույն առիթը կլինի, ոչ միայն հայկական շուկայի հեռանկարները ուսումնասիրելու այլեւ հյուսելու նորանոր համագործակցության հեռանկարներ»:
Հավելենք, որ Tastin’France-ը աշխարհում (80 երկիր) Բիզնես Ֆրանսի կազմակերպած ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների համտեսների ապրանքանիշ է : Հայաստանում Բիզնես Ֆրանսն առաջին անգամ է Tastin’France կազմակերպում :
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ