«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մենք ֆիքսել ենք մարժա, որն անփոփոխ է մնալու մինչեւ 2028 թվականը: Այսինքն` մենք մեր շահույթի մի մասնաբաժին տեղափոխել ենք 2028 թվականից հետո, որպեսզի մարժան մեր ներդրված գումարներով չաճի»,-այսօր Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունում կազմակերպած ասուլիսում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը: Ըստ նրա` խոսքը սակագնի մասին չէ, այլ` ՀԷՑ-ին տրամադրված մարժայի մասին. «ՀԷՑ-ը չի կարող սակագնի համար որեւէ պատասխանատվություն կրել»: Կարեն Դարբինյանի խոսքով, կարեւորն այն է, որ ներդրվող 872 միլիոն դոլարից կեսը` 50 տոկոսը լինելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված գումարներ, իսկ մյուս 50 տոկոսը ներդրվելու են «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցները:
Մանրամասները` տեսանյութում
Կարեն Դարբինյանի տվյալներով, համակարգն ընդունել են 13,3 % կորուստներով, երեք ամիս հետո դրանք դարձել են 11,3 % , 2016 թվականը ՀԷՑ-ը 9,9 % կորստով է փակել, այս տարի կորուստները համակարգում կազմում են 8,7 տոկոս:
Պարոն Դարբինյանի խոսքով, ըստ ՀԷՑ-ի եւ հանձնաժողովի միջեւ հաստատված մեթոդիկայի, 2028 թվականին կորուստների մակարդակը հասնելու է 6,4 տոկոսի: Սակայն, մինչ այդ ընկերությունը ծրագրել է 2021-ին ունենալ 8 % կորուստ, 2025-ին` 7 %:
Պարոն Դարբինյանն ասաց, որ երկամյա կառավարման ընթացքում կատարել են մեծածավալ աշխատանքներ, ներդրումներ: Այս տարվա նոյեմբերի 15-ին էլ հանձնաժողովի հետ քննարկելով հաստատել են 10 տարվա ներդրումային ծրագիրը` 872 միլիոն դոլարի:
Aravot.am-ի հարցին, թե ՀԷՑ-ը չի՞ ծրագրում էլեկտրաէներգիա արտահանել, պարոն Դարբինյանն ասաց, որ նման մտահղացում ունեն, սակայն, դեռեւս ուրվագծված ռազմավարություն չունեն: Նրա խոսքով, էլէներգիայի արտահանումը էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի համար շատ կարեւոր գործոն է:
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե այս պահին քանի բաժանորդ է օգտվում Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգից: Պարոն Հարությունյանն ասաց, որ 872 միլիոն դոլարի ներդրումից 200 միլիոն դոլարն ուղղվել է Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգին եւ ներկայումս 88 հազար բաժանորդ միացված է այդ ավտոմատացված հաշվիչներին եւ վերջնական կարգաբերման աշխատանքներից հետո բոլոր այդ բաժանորդների հետ կապը կլինի էլեկտրոնային եղանակով: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը վստահ է, որ Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրումը ՀԷՑ-ի նկատմամբ վստահությունը կբարձրացնի:
Անդրադառնալով ՀԷՑ-ի արդիականացման արդյունքում դուրս մնացող աշխատակիցներին՝ Կարեն Հարությունյանն ասաց, որ նրանց թիվը 1000-ն է.
«Բոլոր պարագաներում այդ աշխատակիցները առաջին հերթին կներգրավվեն «Տաշիր» խմբի մյուս ուղղություններում` արտադրություններում եւ այլն, որպեսզի առավելագույնս լուծվեն նրանց սոցիալական խնդիրները: Ընկերության այն աշխատակիցները, որոնք կրճատվել են, շուրջ 900 հոգի, նրանք բոլորը մեկ տարի իրենց 100 տոկոս աշխատավարձերը ստացել են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ