Այսօր ԱԺ պատգամավորներ, ՊՆ եւ ԿԳՆ ներկայացուցիչներ հանդիպում են կազմակերպել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ:
Ուսանողներից Յուրի Ավագյանը ներկայացրեց իրենց հետազոտության արդյունքները, որն իրականացրել են 1000 ծառայած ուսանողների շրջանում. «Զորացրվելուց հետո կրթությունը չեն շարունակել հարցվածների 9 տոկոսը, հեռակա ուսուցման համակարգ են տեղափոխվել 13 տոկոսը, 10 տոկոսը փոխել են իրենց մասնագիտական ուղղվածությունը…»: Ըստ հարցումների պարզվել է, որ հարցվածների 69 տոկոսի մոտ խախտվել է կրթության անընդհատությունը, 10 տոկոսն էլ վիճելի է: Նա ասաց, որ այն ուսանողները, որոնք ուզում են ստանան տարկետման իրավունք, պետք է բակալավրիատն ավարտելուց հետո ՊՆ-ի հետ պայմանագիր կնքեն եւ ծառայեն որպես սպա: Բայց բուժզննում է իրականացվելու, արդարացի կլինի՞ սպայական ծառայությանը ոչ պիտանի ուսանողին զրկել տարկետման իրավունքից:
Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ նոր օրենքով հեռակա հասկացությունը վերանում է, գործող օրենքով հեռակայով որակի բացարձակ անկում է նկատվել:
ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ «Պատիվ ունեմ» ծրագրի մասին երբ խոսում են, իհարկե, առողջականը կարեւոր է. «Բնականաբար, սպայի կողմից առողջության սահմանափակումները չեն կարող լիարժեք դարձնել տվյալ սպայի ծառայությունը»: Նա ասաց, որ իհարկե, առողջական պրոբլեմների վրա աչք չեն փակելու, որքան էլ երիտասարդն ուզենա ծառայել որպես սպա: Այդպիսի ռիսկի տակ երիտասարդին չեն դնի:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպմանը անկեղծացավ՝ երիտասարդների համար բացի տարկետումից՝ որեւէ այլ մոտիվացիա չեն կարողացել ապահովել՝ գիտությամբ զբաղվելու համար: Բայց դա էլ արդյունք չի տվել:
Ուսանողները հարցրեցին, թե ո՞ւր են այն 84 տոկոս երիտասարդները, որոնք գիտությունը չեն շարունակել, բայց բանակում էլ չեն ծառայել: Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Բա մենք էլ ենք էդ ասում, ո՞ւր է այդ 84 տոկոսը, որ ոչ գիտության մեջ է, ոչ ծառայության մեջ է, ոչ արտադրության մեջ է, պարզ չի, թե այդ ցուցանիշներն ուր են գնում: Ձեր կարգախոսն է՝ «տարկետում լինելու ա», տարկետում եղել է, կա եւ լինելու է: Տարկետումը գիտության ճանապարհ տանող արահետներից մեկն է, բայց դա չպետք է լինի լայն ճանապարհ, որ ով ասես՝ անցնի ու քչերը հասնեն ֆինիշին: Ուր ասես՝ գնում են այդ խաչմերուկներով, բայց ոչ դեպի գիտություն»:
Ուսանողները հորդորեցին բանակում չծառայելու խնդիրը տեսնել առողջապահական ոլորտում՝ մարդիկ անբուժելի հիվանդություններով ազատվել են զինծառայությունից: Արտակ Զաքարյանը համաձայնեց` տարկետումով ժամանակ են շահում եւ այլ ձեւերով ազատվում են, բայց գիտությանն էլ չեն ծառայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ