Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատված ձգվում է սահմանագոտով, ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Ճանապարհը նախկինում բազմիցս գնդակոծվել է ադրբեջանական զինուժի կողմից: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հետեւյալ հարցումն ենք ուղարկել՝ նախատեսվո՞ւմ է միջպետական ավտոճանապարհի սահմանամերձ, Ոսկեպար-Բաղանիս հատվածում արագ աճող բարդիներ տնկել, քարե պատ կառուցել, կամ հողաթմբեր սարքել, որպեսզի մեքենաների երթեւեկն ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանված լինի: Ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր ասված է. «Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի վտանգավոր տեղամասերը ուսումնասիրվել են ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ համապատասխան նախագծային կազմակերպության կողմից: 2017թ. պետական բյուջեի միջոցներով կամ այլ ծրագրերով Մ16-Բաղանիս-Մ16 միջպետական նշանակության Ոսկեպար –Բաղանիս հատվածում անվտանգության ապահովման միջոցառումների (հենապատի, գաբիոնի, վտանգավոր հատվածների քողարկման տարրերի տեղադրում, այլընտրանքային ճանապարհահատվածների կառուցում) իրականացում մարզպետարանի ունեցած տեղեկատվությամբ նախատեսված չէ»:
Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանցիները Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին, Մազամ եւ Ղուշչի –Այրում գյուղեր տանող ճանապարհին քարե երկար պատ են կառուցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ