Թբիլիսիի Իսպանական թաղամասում արդեն ավելի քան 15 ժամ ընթանում է հատուկ գործողություն՝ ուղղված ահաբեկիչների հետ կապ ունեցող անձանց ձերբակալությանը:
Առավոտյան 10:30-ի սահմաններում լսվել է ուժեղ պայթյուն, որից հետո տներից մեկի պատուհանից խիտ ծուխ է բարձրանում: Նախնական տվյալներով՝ հենց նույն շենքի երրորդ հարկում են պատսպարվել այն անձիք, որոնց փորձում են ձերբակալել հատուկ ծառայությունները:
Նշված թաղամասում գիշերվա ընթացքում մոբիլիզացվել են հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր: Ամբողջ գիշեր լսվել են կրակոցներ և նռնակների պայթյուններ: Շենքի բնակիչները տարհանվել են:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձիք Վրաստանի քաղաքացիներ չեն:
Հաղորդվում է, որ մեկ հատուկ ջոկատային վիրավորվել է, նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Տեղեկություն է հաղորդվում ևս 2-ի վիրավորված լինելու վերաբերյալ, սակայն պաշտոնապես դա չի հաստատվել:
Վրաստանի անվտանգության ծառայությունից տեղեկացրել են, որ արդեն մեկ մարդ ձերբակալվել է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ