Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում ռադիոֆիզիկին 2 տարի «հավսար, զգաստ, աջ դարձ» չեն անել տալու. ՊՆ-ն ուսանողներին հանգստացնում է

Նոյեմբեր 22,2017 14:28

Այսօր ԱԺ պատգամավորների, ՊՆ եւ ԿԳՆ ներկայացուցիչների՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ հանդիպում-քննարկումն է: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ուսանողներին ասաց.  «Դուք օրենքի դեմ եք պայքարում, բայց օրենքը չի այդ խնդիրները լուծում: Կառավարության որոշումներն են կարգավորելու բոլոր խնդիրները: Օրենքը հավասարության սկզբունքներ է տվել եւ իր գործն արել է: Մենք ուզում ենք խթան հանդիսանալ գիտությանը նաեւ: Դուք ասում եք օրենքը կխոչընդոտի , դա մինչեւ հիմա է խոչընդոտել: Խաղի կանոն է եղել, ու նա, ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել՝ գիտության զոնտիկի տակ»:

Նա ասաց, որ դրա համար պետք է արվեստի, սպորտի, բոլոր ուղղությունների համար մշակել կարգեր, որ արժանի երիտասարդները կարողանան շարունակել գիտության զարգացումը:

Հիշեցնենք, որ ուսանողները մոտ մեկ շաբաթ դասադուլներ էին անում՝ բողոքելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Հետո համաձայնության եկան ԱԺ-ում հանդիպել ու քննարկել:

Գարիկ Պետրոսյանն ասաց. «Ես ուզում եմ հստակ տարբերություն մտցվի բանակում գիտությամբ զբաղվելու եւ գիտական ներուժի օգտագործման մեջ: Երբեմն գիտական ներուժի օգտագործում է համարվում օրինակ, ծրագրավորողին կապի ոլորտում աշխատանք տալը կամ ֆիզիկին ինժեներական գործերում մասնակից դարձնելը: Գիտական աշխատանքով զբաղելը ենթադրում է ղեկավարի մասնակցություն, գիտական թիմի մասնակցություն, սեմինարների, կոնֆերանսների մասնակցություն եւ այլ հարցեր: Մայիսին արդեն գիտնականներ են զորակոչվելու բանակ, արդյո՞ք այս պահին բանակը պատրաստ է ապահովել նրանց համար պայմաններ, եթե ոչ, այն գիտնականները, որոնց համար այդ պայմանները չեն ապահովվելու, էլի զորակոչվելո՞ւ են բանակ, թե՞ թողնելու եք հասարակության մեջ, որ օգուտ տան: Արդյո՞ք բոլոր ոլորտների գիտնականների շահերը հաշվի առնված են, ինչո՞վ է զբաղվելու գիտական կորիզը բանակում»:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ նախ պետք է տալ գիտնականի չափանիշը, ո՞ր գիտնականն է, որ կարիք ունի ղեկավարի մասնակցության եւ այլն:

Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ գիտնականների կարիքը պաշտպանությունում իսկապես կա, ու քանակն էլ սահմանափակ չի: Գիտական ղեկավար, պարզ է, որ չի լինելու բանակում, բայց դրա փոխարեն լինելու է հրամանատար, որն էլի գիտությանը մոտ կանգնած մարդ է. «Գիտական աշխատանքից չկտրելն այսօր քննարկման փուլում է: Դուք երեւի բանակում ծառայության մասին ուրիշ պատկերացում ունեք: Հա, խրամատում, զորանոցում, կացարանում բլինդաժում, հնարավոր չէ գիտությամբ զբաղվել: Բայց մենք հիմա խոսում ենք շատ քիչ թվով երիտասարդների մասին եւ պատրաստ ենք այդ երիտասարդների համար ստեղծել պայմաններ: Մենք ոչ թե ասում ենք, որ այդ երիտասարդների համար ջերմոցային պայմաններ կստեղծենք, մենք ազնիվ չենք լինի, այլ կստեղծենք պայմաններ, որ այդ երիտասարդները, որոնք նպատակ ունեն, իրոք գիտությամբ զբաղվեն ու ավելի էֆեկտիվ են զբաղվելու, շնորհակալ են լինելու այդ տարիների համար: Հետո իրենք կորոշեն՝ մնան բանակում եւ գիտությամբ զբաղվե՞ն, թե՞ վերադառնան քաղաքացիական կյանք: Մենք փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր երիտասարդ ծառայի, բայց՝ իր գիտելիքները, կարողությունները ճիշտ ներդնելով, ճիշտ օգտագործելով: Դրանից բոլորս ենք շահելու: Ճիշտ եք, եթե երիտասարդ ռադիոֆիզիկին՝ գլխում մեծ գաղափարներ ունեցող, մենք տանենք շարքում կանգնացնենք եւ ասենք՝ հավսար, զգաստ, աջ դարձ, 2 տարի այդպես անցնի, նա կարող է վերադառնա եւ ասի՝ հավեսն էլ է կորել գիտությամբ զբաղվելու: Մենք մեր ժողովրդի համար հո նոր պրոբլեմ չե՞նք ստեղծելու: Պետք է այնպես անենք, որ գիտությունը չտուժելով՝ դրանից շահի նաեւ ռազմական գիտությունը»:

Միաժամանակ փոխնախարարն ասաց, որ սուտ էլ կլինի, եթե ասեն, որ վաղը փիլիսոփային տանելու են բանակ, մի հատ սենյակ են տալու եւ ասելու են՝ դու փիլիսոփայությամբ զբաղվիր. «Պետք է անկեղծ լինենք: Փիլիսոփաների համար էլ պետք է առանձին մտածենք ինչպես ներգրավենք, որ կարողանան մեծ արդյունքների հասնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930