Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավորանքները փաթաթում եք մեր վզին». «Ծռերի» գործով դատախազը սանկցիայի ենթարկվեց

Նոյեմբեր 22,2017 13:25

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմն առարկեց այն փաստի դեմ, որ դատարանը անհարգալից վերաբերմունքի համար նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացնելու որոշում կայացրեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի դեմ: Նրա պաշտպաններից փաստաբաններ Արա Ղարագյոզյանը եւ Արայիկ Պպաիկյանը դատարանի նշյալ որոշումն «ապօրինի գործողություն» որակեցին եւ հայտարարեցին, որ ըստ Խանոյանի հետ կնքած պայմանագրի՝ իրենք առանց վերջինիս ներկայության չեն գտնվելու նիստերի դահլիճում, ուստի պատրաստվում են հեռանալ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց. «Եթե Խանդոյանն իրեն հարգալից չի պահել, ուստի՝ ինչպե՞ս պետք է վարվեր դատարանը, եթե ոչ սանկցիա կիրառեր»: Արայիկ Պապիկյանն էլ համոզմունք հայտնեց, որ Խանդոյանն անհարգալից վերաբերմունք չի դրսեւորել. «Նա ունի բավարար գիտելիք եւ հմտություն, որպեսզի իր ասելիքը կառավարի»:

Արա Ղարագյոզյանն էլ նկատեց՝ Խանդոյանը վրդովվում է «ամբաստանյալ» դիմելաձեւից. «Կարելի է ազգանունով դիմել, որովհետեւ իրենք ամբաստանյալներ չեն»: Դատավորն էլ կրկին հիշեցրեց, որ նա անպատիվ արտահայտություններ է թույլ տվել դատախազների հասցեին, ինչը անհարգալից վերաբերմունք է նաեւ դատարանի հանդեպ:

Ի վերջո, Արայիկ Պապիկյանը միջնորդեց Խանդոյանի հանդեպ սանկցիայի որոշումը վերացնել, ասել է թե՝ նրան վերադարձնել նիստերի դահլիճ: Պավլիկ Մանուկյանն էլ դատավորին ասաց. «Պետրոս Պետրոսյանն անընդունակ է այս գործով, չեմ ասում՝ անգրագետ, այլ` անընդունակ: Ես նրան պետական դավաճան եմ համարում: Դուք նրա վիրավորանքները փաթաթում եք մեր վզին»: Դատավորն ու ամբաստանյալները վիճեցին, իսկ Պետրոս Պետրոսյանը նկատեց՝ պաշտպանների՝ իր հանդեպ ընկալումները թյուր են, իսկ գործողությունները՝ սադրիչ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց Պետրոս Պետրոսյանի հանդեպ կիրառել սանկցիա՝ նախազգուշացման տեսքով, իսկ Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930