ԱԺ-ում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր սեղան քննարկում է, որին մասնակցում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, ԱԺ Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
Առաջինը իր տեսակետը հայտնեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա ասաց, որ դասադուլների ժամանակ երիտասարդներին հարգելով չգնաց համալսարան, որովհետեւ էմոցիոնալ դաշտ կար, բայց ակտիվ խոսել է բոլոր շրջանակների հետ:
Նախարարն առաջարկեց մի քանի սկզբունք արձանագրել՝ հակասություն չկա բացարձակապես բանակային ծառայության եւ գիտության մեջ, այդ խնդիրն արհեստական է. «Մենք հիմա Լեոնիդ Ազգալդյանի մասին ենք խոսում, ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից մեր հիմնական ուժը գիտնականներն էին, որոնք թողեցին իրենց գրիչը եւ գնացին իրենց ծառայությունը կամավոր կատարելու: Այսինքն, այստեղ հակասություն չկա: Սկզբունքն այն է, որ 18 տարին լրացած ցանկացած անձնավորություն ՀՀ-ում, որը նոր է մտնում կյանք եւ չգիտի ինքը ինչ է դառնալու՝ գիտնական, բիզնեսմեն, պետք է կատարի իր պարտքը հայրենիքի հանդեպ: Սա առաջին սկզբունքն է, որը քննարկման չի ենթարկվում, ընդունելի սկզբունք է: 18 տարեկանին շատ դժվար է ասել՝ ինքը գիտնական կլինի, բիզնեսմեն կլինի: Չի ընդհատվում իր շարունակական կրթությունը: Հնարավորություն է ստանում ծառայությունից հետո վերադառնալ եւ շարունակել: Որոշ մասնագիտությունների ուղղությամբ կա անընդհատության խնդիր: Երբ պետք է անցում կատարել բակալավրիատից ասպիրանտուրա եւ մագիստրատուրա»:
Լեւոն Մկրտչյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը կա, նույն սկզբունքի մի տարատեսակով էլ կարելի է առաջարկել, որ երիտասարդները, որոնք բակալավրիատն ավարտում են, մեկ տարի գնան սպայական աստիճանի, հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում նաեւ մասնագիտական իրենց հմտությունները չկորցնել: Լուծումները այստեղ կարող են լինել. «Պետք է ՊՆ-ի հետ հասկանանք, թե որ ուղղություններն են, որ անընդհատության խնդիր ունեն»:
Լեւոն Մկրտչյանն ասաց, որ ուսանողների բաց նամակի մեջ կար հետաքրքիր գաղափար, որ գիտական ինստիտուտները ՊՆ-ի հետ լուծումներ գտնեն այն երիտասարդների համար, որոնք արդեն գիտնական են: Սրանք հնարավոր լուծումների տիրույթում են. «Վարչապետն էլ ասաց, որ մոտ 20 ենթաօրենսդրական ակտ պիտի ընդունվի: Մենք կարող ենք թողնել եւ հասկանալ, թե ենթաօրենսդրական դաշտում ինչ ենք անում: Արվեստի, սպորտի մասին ենք խոսելու: Կա մի հնարավորություն եւս, երբ անհատներին կառավարության որոշմամբ նույնպես կարելի է տալ արտոնություն, բայց պետք է իրար հետ հասկանանք,, թե որոնք են: Ապորտի ասպարեզում Եվրոպայի չեմպիոն եւ այլ չափանիշներ ունենք, ինչ-որ բաներ կարող ենք որոշել նաեւ մյուսների համար, օրինակ, օլիմպիադայի մեդալ եւ այլն»:
Լեւոն Մկրտչյանն աասց, որ պետք է ձեւավորվի լուրջ հանձնաժողով, որի մեջ կներառվեն ԿԳՆ-ի, գիտական հանրույթի ներկայացուցիչները. «Խնդիրները սկսենք նկարագրել,, հասկանանք, թե յոււրաքանչյուր մասնագիտության համար ինչ խնդիր կա: Երբ մենք բակալավրի պահը առաջին սկզբունքը պահում ենք, 2 տարվա խնդիր է: Իրենց կրթության անընդհատությունը ապահովվելու է, գնում են, ծառայում են, գալիս են»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կառավարությունը պատրաստակամ է լսել ուսանողների յուրաքանչոր խոսք եւ առաջարկ, որեւէ ենթաօրենսդրական ակտ, որոշում չի կարող ընդունվել՝ առանց ուսանողների մասնակցության, ամեն ինչ պետք է լինի քննարկման արդյունքում, կառավարությունը պետք է լսի ուսանողների կարծիքը:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նախարարին հարցրեց՝ կա՞ հետազոտություն, թե բանակային ծառայություն անցած ուսանողների մոտ կրթության ինչ աճ է նկատվում եւ բանակում ի՞նչ պայմաններ են ստեղծվել, որ մագիստրատուրայում սովորողը կարողանա իր կրթությունը, գիտությունը շարունակել:
Լեւոն Մկրտչյանը ի պատասխան թվեր ներկայացրեց. «Մենք հիմա ունենք 2007-2016-ի պաշտպանածների ընդհանուր թվաքանակը: Դոկտորները 445-ն են Հայաստանում, թեկնածուները՝ 5032: Նրանցից գիտության մեջ մնացել են` դոկտորներից` 191 հոգի, թեկնածուներից՝ 646 հոգի: Այսինքն՝ 5032-ից 646-ն են գիտության մեջ: Ընդհանուր առմամբ դոկտորների 42,9 տոկոսն է, որ մնում է գիտության մեջ, թեկնածուներից՝ 12,8 տոկոսը»:
Նախարարն ըստ մասնագիտությունների ասաց, թե ովքեր են մնում գիտության մեջ, ամենաշատը ֆիզիկամաթեմատիկական ուղղությունն է: Տնտեսագիտության թվերը ողբալի են՝ դոկտորներից մնում է 25 տոկոսը, թեկնածուներից՝ 2,7 տոկոսը: Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ գիտության մեջ մնում է 3,5 տոկոսը: Իրավաբանությունից գիտության մեջ թեկնածուների 2,8 տոկոսն է մնում, բժշկական ուղղության մեջ՝ 6,4 տոկոսը: Ճարտարապետության մեջ տոկոսները ավելի լավ են՝ 22 տոկոսն է մնում:
Նախարարն ասաց, որ ի վերջո տարկետման իրավունքը թույլ է տվել, որ մարդիկ գնան գիտության ուղղությամբ, բայց պատկերը սա է. «Այսօրվա օրենքով 2015-ին դիմել են 23 երիտասարդ ղեկավարի համար, որոնցից արական սեռի է 9 տղամարդ, որոնցից 6-ը չի ծառայել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ