Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 15-ից – 19-ն անցկացված Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) հաղթող է ճանաչվել՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Տորոնտահայ և հայկական մշակույթով հետաքրքրված օտարազգի հասարակության ուշադրությանը ներկայացված 40 ֆիլմերից՝ Ջիվան Ավետիսյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմով` նոյեմբերի 15-ին ազդարարվել է կինոփառատոնի բացումը, որը ներկայացված էր Արցախին նվիրված հատուկ խորագրում։ Փառատոնի պատվավոր հյուրերի ցանկը համալրել էին՝ Ջիվան Ավետիսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և բեյրութահայ երգչուհի Էյլին Խաչատուրյանը:
Նոյեմբերի 19-ին կայացած մրցանակաբաշխության արարողությանը «Վերջին բնակիչը» ֆիլմին շնորհվել է «Լավագույն ֆիլմ»-ի համար մրցանակը։ Ռեժիսորն իր շնորհակալական ուղերձն է հղել կինոփառատոնի կազմակերպիչներին, ովքեր կարևորել և բարձր են գնահատել կատարված աշխատանքը։
Ռեժիսորն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ֆիլմ նկարահանելու դժվարություններին․ «Այս ամենը բարդ պայքար է, և այդ պայքարում պետք է կարողանալ ուղղակիորեն չնահանջել և առաջ ընթանալ։ Ֆինանսական առումով՝ արտադրող ընկերության ուսերին է դրված ողջ ծանր բեռը, ինչից էլ բխում են համարտադրողների հետ հետագա քննարկումներն ու համագործակցությունը։ Ընդհանրապես, դժվար է գտնել համարտադրողներ, որոնք կսիրեն արվեստը, միևնույն ժամանակ, թեմայի առումով՝ չեն վախենա սպասվող խնդիրներից: Օրինակ, հեշտ չէ գտնել դերասաններ, որոնք կլինեն համարձակ և պատրաստ՝ մեր հարևանների կողմից «սև ցուցակ»-ում հայտնվելուն, երբ խոսքը արցախյան թեմատիկայով ֆիլմերին է վերաբերում,- ասել է ռեժիսորը և հավելել,- Ես ուրախ եմ, որ այդ ճանապարհը կարողացա անցնել ինձ հավատացող մարդկանց շնորհիվ, ինչի արդյունքում էլ, ֆիլմը կարողանում է քայլ առ քայլ իր ճանապարհը հարթել աշխարհում»։
Հանդիսատեսի ոգևորությունը նույնպես մեծ էր, ներկաները տպավորված էին ֆիլմի կյանքային կադրերով և բովանդակությամբ․ «Շատ կադրեր, կարծես, իսկ և իսկ իրականությունից լինեին: Երբ Աբգարն ու Իբրահիմը թեյ էին խմում, դահլիճում նստածներիս էր փոխանցվում թեյի համն ու բույրը: Բազմաթիվ կադրեր ունեին ուժեղ ենթատեքստ և հզոր էմոցիաներ էին առաջացնում»,- անկեղծանում է հանդիսատեսը։
Կինոփառատոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, Համազգայինի «Սանահին» ֆիլմի ակումբի և «Նուռ» կինոփառատոնի նախաձեռնությամբ, «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կայացել էր նաև Մոնրեալում, որտեղ նույնպես ֆիլմը ջերմ ընդունելության էր արժանացել։
Առաջիկայում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը, Blue Knowledge Associazione-ի նախաձեռնությամբ, կկայանա նաև Պադովայում՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն անցկացվող «Dessaran Festival»-ի (Հայկական մշակույթին նվիրված շաբաթ) շրջանակում, դեկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին Multisala MPX Sala Giotto-ում։
Մամուլի հաղորդագրություն