Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետարանում աշխատավարձերը եսիմինչ գրավիչ չեն. «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2017 11:40

Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, ՀՀԿ խմբակցության անդամ 36-ամյա Արտյոմ Գրիգորյանին Մամիկոն Ասլանյանը նշանակել էր 2017 թ. փետրվարի 28-ին, Ա 127-Ա որոշմամբ, «ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 57 հոդվածի 3-րդ մասով՝ հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի գրությունը»։

Ըստ ՏԻՄ օրենքի՝ «համայնքի ղեկավարի տեղակալներին համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունն ավագանու կողմից 2 անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից»։ Ա. Գրիգորյանն իր պաշտոնում նշանակվել էր ոչ թե ավագանու կողմից, այլ՝ Ասլանյանի որոշմամբ։ Երեկ փոխքաղաքապետ նշանակված Ա. Փելեշյանի դեպքում գործել է ոչ միայն ՀՀԿ-ՀՎԿ հուշագիրը, այլեւ ավագանու որոշմամբ նշանակվելու մեխանիզմը, քանի որ նիստին մասնակցել է ավագանու 20 անդամ եւ հաստատել նշանակումը։

Այս օրերին համայնքապետարանում ափսոսանքով նշում են, թե ՀՀԿ-ՀՎԿ սիրախաղի երեսից ամենատուժածն Արտյոմ Գրիգորյանն է, ում «Ասլանյանը փուռը տվեց՝ հանուն իր աթոռի»։ Նա երեկ ավագանու արտահերթ նիստի ժամանակ մեծ շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին՝ նշելով, որ նա «փաղաքշական կուլտուրայի բարձր մակարդակ ցույց տվեց եւ ոչ թե պաշտոնի ու աթոռի կռիվ տվեց, այլ մեծ սիրով ու հանդուրժողականությամբ, գնահատելով ներկա քաղաքական իրավիճակը, իր թիմակիցների ու նաեւ մեր նոր գործընկերների հետ համագործակցության շրջանակներում զիջեց քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը»։

Մեզ հետ զրույցում Արտյոմ Գրիգորյանը նշեց, թե սեփական դիմումի համաձայն է ազատվել։ Այսօր, երբ ասում ենք Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ, հենց հանուն Վանաձորի էլ զիջել ենք այդ տեղը։ Սա քաղաքական որոշում էր, եւ դրա համար պետք չէ տրամադրություն գցել, ուղղակի պետք է հետագայում ակնկալել առավել աչալուրջ եւ հետեւողական աշխատանք։ Իմ դիրքորոշումը սա է։ Ես հանուն իմ վանաձորցիների եւ հանուն իմ թիմի, բնականաբար, գնացել եմ այդ քայլին, որպեսզի մենք կարողանանք ունենալ ՍԴ որոշմանը համահունչ ավագանու նիստեր»։

– Պարոն Գրիգորյան, փաստորեն, Դուք եւ Փելեշյանը բոլորովին այլ իրավիճակներում եք նշանակվել համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։

– Երբ որ մենք խոսում ենք իմ նշանակման մասին, ասեմ, որ այդ հարցը երկու անգամ ավագանու նիստ մտել է, նիստեր չկայանալու պատճառով չի հաստատվել, եւ, հետեւաբար, պարոն քաղաքապետը շարժվել է ՏԻՄ օրենքին համահունչ ու նշանակում է կատարել (նկատենք, որ Գրիգորյանի նշանակմանը նախորդել է ավագանու երկու նիստ, որոնք չեն կայացել։ ՏԻՄ օրենքի վերը հիշատակված դրույթը սահմանում է, որ ոչ թե ավագանու նիստերի չկայանալու հիմքով է քաղաքապետը նշանակում իր առաջին տեղակալին, այլ ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում՝ խմբ.)։

– Իսկ աշխատանքից ազատվելու դիմումը, եթե գաղտնիք չէ, ե՞րբ եք ներկայացրել։

– Օրենքով սահմանված կարգով ներկայացրել եմ։

– Քանի որ Ա. Փելեշյանի՝ առաջին տեղակալ նշանակելու հարցը շատ հապճեպ ստացվեց՝ 3-4 օրում, ենթադրում եմ, որ հենց այդ օրերին էլ գրել եք դիմումը։

– Դե, մոտավորապես այդ ակնկալիքն էլ ունեցեք, այդ ժամանակ էլ ներկայացրել եմ։

– Մամիկոն Ասլանյանը Ձեզ շնորհակալություն հայտնեց քաղաքական բարձր կուլտուրա ցուցաբերելու համար, ենթադրում եմ, որ երբ Ձեզ դիմում գրելու առաջարկ է ներկայացվել, չեք ընդդիմացել։

– Բնականաբար՝ ոչ, ի՞նչ ունեմ ընդդիմանալու։ Այնպես չէ, որ անակնկալի եմ եկել դիմում գրելու օրը։ Սա բավականին երկար քննարկումների արդյունք է եղել, բավականին մտահոգված վիճակներ ենք ունեցել մենք, թե արդյոք ոնց կարող ենք այս իրավիճակից դուրս գալ, որպեսզի մեր ընտրողները հուսախաբ չլինեն։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930