Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Գորկու այգու մոտ գտնվող «Հայաստան մարզական հասարակական կազմակերպության Գյումրու բռնցքամարտի և արևելյան մարտարվեստների մասնագիտացված դպրոց-հիմնարկը» գտնվում է անմխիթար վիճակում․շենքային վատ պայմաններից բացի, ունի նաև մարզագույքի խնդիրներ:
Մտնելով սպորտային հաստատության այս շենք՝ առաջին հայացքից աչքի են ընկնում խարխուլ հատակը, կարկատաններով պատված ռինգը, ջեռուցման հին մարտկոցները և կիսավեր լոգարանը։
Մարզադպրոցի փոխտնօրեն Սամվել Բաղդասարյանի խոսքով՝ այստեղ վերջին անգամ վերանորոգումներ կատարվել են 2000 թվականին, գումարը մարզադպրոցի անձնակազմը ձեռք էր բերել՝ շահելով «Բարի լոտո» :
«Եթե «Բարի լոտոն» չլիներ, ընդհանուր առմամբ, խայտառակ վիճակ կլիներ, մեր մարզադպրոց մտնել չէր էլ լինի», – ասաց մեր զրուցակիցը։
Դպրոցում վերանորոգում կատարելու խոստում վերջերս տվել է «Հայկական Կարիտաս բարեսիրական» կազմակերպությունը, որին և անհամբեր սպասում է անձնակազմը:
«Տեսնենք Աստված երբ կհաջողի կատարեն վերանորոգումը: Մեր մարզիկների, մեր բոլորի ցանկությունն է դա: Ուզում ենք մեր մարզադպրոցն էլ ժամանակակից դառնա»,- ասաց Սամվել Բաղդասարյանը:
Նշենք նաև որ այս մարզադպրոցում իր մարզումներն ու իր առաջին հաղթանակներն է տոնել ՀՀ պատանիների առաջնության հաղթող, Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, Արցախի պաշտպանության ապրիլյան մարտերում հերոսաբար զոհված Վիկտոր Յուզիխովիչը:
Չնայած վատ պայմաններին՝ մարզիկները միշտ սիրով են հաճախում մարզումների, և այն հարցին թե արդյո՞ք մարզադպրոցի վատ պայմանները չեն ազդում չեմպիոններ նախապատրաստելու գործընթացի վրա, փոխտնօրեն Ս. Բաղդասարյանը պատասխանեց․«Ընդհանուր առմամբ՝ ոչ, քանի որ լավ մարզիկներն ավելի շատ վատ պայմաններում են անցկացնում իրենց մարզումները։ Տեսեք Արթուր Ալեքսանյանի օրինակը»:
Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը ևս, մեզ հետ զրույցում անդրադառնալով բռնցքամարտի դպրոցներում առկա խնդիրներին, հպարտությամբ նշեց, որ 30 տարի անց Գյումրին դարձյալ ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն ի դեմս՝ Հովհաննես Բաչկովի։
Ռիմա Կարճիկյան
Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի