«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը
– Պարոն Սահակյան, հայտնի է, որ նոր պաշտոնին նշանակվելու օրվանից Դուք ստուգումներ եք սկսել նախարարությունում, որի հետեւանքով, ինչպես պարզ դարձավ, նաեւ պաշտոնանկության դեպքեր են եղել, արդյո՞ք այդ ամենը ֆինանսական չարաշահումների բացահայտման արդյունք է եղել։
– Ես մեկ-երկու անգամ ներկայացրել եմ մեր մոտեցումները, սկզբունքները, դա արդար, ազնիվ անաչառ, սրտացավ նվիրված աշխատանքն է։ Այս կոնտեքստում սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելն ես նույնպես ողջունում եմ։ Իսկ մամուլում աղմուկ բարձրացնելու հետ կապված ժողովրդական լավ ասացվածք կա՝ «Արջն իր ահից է գոռում»։ Սա ի գիտություն ընդունենք։ Իսկ գործընթացի առումով այս պահին մեր ֆինանսական համապատասխան բաժնում իրականացվում է աուդիտ, այսինքն՝ համակարգի խնդիրները վեր հանելու եւ դրանք լուծելու առումով։ Գնումների գործընթացում կային որոշակի թերացումներ, որոնք մենք բացահայտել ենք, շտկել ենք։ Իմ մոտեցումն այս աշխատանքի եւ իմ բարձրագույն ղեկավարության պահանջը հետեւյալն է՝ եթե կան թերացումներ, կան խնդիրներ, կա կոռուպցիա, մենք փորձելու ենք ամեն գնով պայքարել եւ վերացնել։
– Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը նշել էր, թե ազատված Եղիշե Ջհանգիրյանը լավագույն աշխատողներից է եղել, եւ պարզապես Ձեր սրտով չի եղել։
– Այս առումով ասեմ հետեւյալը. այս դեպքում իմ եւ սոցապ առաջին փոխնախարարի՝ ազնվության, անաչառության վերաբերյալ պատկերացումները շատ խիստ տարբերվում են։ Ես որեւէ անձնական խնդիր չունեմ ո՛չ տվյալ անձնավորության, ո՛չ առաջին տեղակալի հետ։ Սեփական դիմումի համաձայն դուրս գալը կամ պետի սրտով չլինելը… պետի սրտով այլ բան կարող է չլինել, բայց ֆինանսատնտեսական եւ հաշվապահական վարչության պետը դժվար թե իմ սրտով առաջնորդվի։
– Հայտնի է, որ Ջհանգիրյանը վայելում էր նաեւ նախարար Արտեմ Ասատրյանի վստահությունը։ Ինչպիսի՞ն են Ձեր եւ Արտեմ Ասատրյանի հարաբերությունները։
– Դա սուտ է, նման որեւէ տհաճ խոսակցություն չէր կարող լինել եւ չի էլ եղել։ Ես իմ ցանկացած քայլ իրականացնելուց առաջ, նախ և առաջ ունեմ դրա պատասխանը եւ հիմքը՝ անկախ նրանից՝ ում եմ պատասխան տալու՝ իմ յոթ տարեկան տղայի՞ն, թե՞ երկրի նախագահին։ Հետևաբար` նման բան չի կարող լինել :
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում