Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՈՀ-ի լինել-չլինելու հարցը քաղաքական հարց է»

Նոյեմբեր 22,2017 14:30

Հարցազրույց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ

– Տիկին Արզումանյան, վերջերս շրջանառության մեջ է դրվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հեղինակը Գիտության պետական կոմիտեն է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նախագծի մասին բացասական կարծիք ունեն թե բուհերը եւ թե Գիտությունների ազգային ակադեմիան: Տվյալ դեպքում Ձեզ ենք դիմում, որովհետեւ, ինչպես օրերս հեռուստաալիքներից մեկով հայտարարեց գիտպետկոմի աշխատակիցը, նախագիծն ընդունվելու դեպքում ԲՈՀ-ը դառնում է ավելորդ:

– Նախ ասեմ, որ այդ օրենքն այսօր կա, գործում է եւ որեւէ լուրջ հիմնավորում չկա նոր օրենք ընդունելու համար: Հավանաբար նախագծի հեղինակները ինչ-որ կոնկրետ հարցեր են ուզում լուծել: Փորձեմ ենթադրել՝ ելնելով նախագծի դրույթներից. 1. նախ՝ անսահմանափակ իրավասություններ նախատեսել «լիազոր մարմնի» (ասել է թե գիտպետկոմի) համար՝ ասպիրանտուրայից մինչեւ բնապահպանություն: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞ւր է կրթության եւ գիտության նախարարությունը: 2. Իրականացնել տարիների երազանքը՝ վերացնել ԲՈՀ-ը, իրականում վերցնելով նրա լիազորությունները: 3. Երկրում սահմանել միաստիճան գիտական համակարգ՝ «ապահովելով» երկարաժամկետ խառնաշփոթ այս դաշտում՝ անհայտ նպատակով: Իհարկե, նպատակն ավելի քան պարզ է դառնում, եթե ի հայտ են գալիս վերջերս գիտպետկոմում նախագծի քննակման ժամանակ հնչած մեկնաբանությունները, որ «պետք է ստեղծեն հանձնաժողով», որը պետք է որոշի, թե արդեն պաշտպանած ո՞ր թեկնածուները կհամարվեն մասնագիտության դոկտոր, իսկ մյուսները կմնան թեկնածու: Պատկերացնո՞ւմ եք, անհեթեթություն «ազդեցության գործակիցով»:

– Խոսենք ԲՈՀ-ի մասին, բայց մինչ այդ մի մեջբերում ֆեյսբուքյան գրառումներից: Օրինակ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Ղազարյանը գրում է. «ԲՈՀ-ը ՀՀ Գիտական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների գնահատման միակ կառույցն է, որը հանդիսանում է զսպաշապիկ եւ կանխում է գիտական առումով ոչ պիտանի գիտական աշխատանքները, կոչ եմ անում ղեկավարությանը նման քայլ ձեռնարկելուց առաջ մեկ անգամ եւս խորը մտածել, քանի որ այն ՀՀ համար խիստ անհրաժեշտ կառույց է»…

– ԲՈՀ-ի լինել-չլինելու հարցը քաղաքական հարց է: Պատահական չէր, որ Սովետական Միությունում ԲՈՀ-ը գործում էր միայն Մոսկվայում, այսինքն՝ այդ կառույցը երկրի համար ունի ստրատեգիական նշանակություն: 1993 թվականին մեր երկրում ստեղծվեց Բարձրագույն որակավորման հանձնաժողով, եւ մենք՝ մի քանի հոգով, այդ դաժան տարիներին, վառարանի շուրջ համախմբված՝ ստեղծեցինք բավական կուռ մի համակարգ, որ գործում է մինչեւ այսօր: Այսինքն՝ ԲՈՀ -ը, իր 14 աշխատակցով, ինչ-որ հիմնարկ չէ, այլ երկրում գիտական աստիճանաշնորհման մի համակարգ՝ մոտ 60 մասնագիտական խորհուրդներով եւ մի շարք կոնկրետ նշանակությամբ գործառույթներով: Եվ մեր երկրում այդ համակարգի գոյության կամ բացակայության հարցը պետք է քննարկվի՝ գիտական աշխատանքների որակի պահպանման, վկայագրերի ճանաչման, գիտության բնագավառում պայմանագրերի կնքման, գիտնականների շարժունակության, աշխարհի հետ համաքայլ գնալու հնարավորության եւ այլ հարցերի շրջանակներում:

Այսինքն՝ պետք է կայացվի քաղաքական որոշում: Իսկ նման որոշում կայացնողը, բնականաբար, գիտպետկոմը չէ: Եվ այս տեսանկյունից ավելի քան բարոյական չէ այդ դերը վերցնել ու մի անկատար նախագծով աջ ու ձախ հայտարարել, թե ԲՈՀ-ն ավելորդ է: Նման պահվածքը հարիր չէ պետական կառույցին: Ի դեպ, ԲՈՀ-ի «ավելորդությունը» հավաստող անձինք ինչո՞ւ են մոռանում նույն ԲՈՀ-ի կողմից մերժված կամ վերամշակման ուղարկված աշխատանքների քանակը: Թե դրա մասին խոսելը նպաստավոր չէ: Իսկ առայժմ ԲՈՀ-ն իր գործն է անում եւ լավ է անում:

– Անդրադառնանք նաեւ գիտական մեկ աստիճանին. եթե այսօր Ռուսաստանի Դաշնությունում, կամ ԵՏՄ տարածքում, նաեւ եվրոպական 10-ից ավելի երկրներում, այնուամենայնիվ, գիտական որակավորումը երկաստիճան է, ինչո՞ւ ենք մենք շեղվում:

– Պատկերացում չունեմ… ցանկալի կլիներ լսել հիմնավորված պատասխան՝ թե ինչո՞ւ ենք կորցնում գիտական երկրորդ աստիճանը՝ գիտությունների դոկտորի աստիճանը, ի՞նչ խնդիր ենք լուծում երկրի համար եւ ի՞նչ նպատակ ենք հետապնդում այս հատվածում խառնակություն առաջացնելով: Պարզապես որպես վերջաբան 3 նկատառում- տարակուսանք. 1. կխնդրեի բոլոր այն անձանց, որոնք ԲՈՀ-ից գիտությունների թեկնածուի վկայագիր են ստացել, մեկ անգամ էլ նայեն՝ այնտեղ ինչ է գրված եւ համոզվեն, որ միջազգային տերմինաբանությամբ իրենք նաեւ Ph.D են, այսինքն՝ փիլիսոփայության դոկտոր եւ միջազգային հարթակներում իրենց վատ զգալու առիթ չեն ունենա: 2 Ինչո՞ւ, օրինակ, մեր երկրի գիտնականը Ռուսաստանի գիտությունների դոկտորին հավասար գիտական աստիճան չպետք է ունենա. ո՞ր մեղքի համար, որ գիտպետկո՞մ ունենք: 3. Կարծում եմ, որ ընդհանրապես օրենքը չոր հաշվարկով եւ քանդելու մոլուցքով չեն գրում, գրածը թերհաս կստացվի:

 

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

21.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ստեփան Գրիգորյան says:

    Միաստիճան համակարգի անցնելը և ԲՈՀի վերացումը կնշանակի գիտական հետազոտական գործընթացի վերջնական տապալում և կառաջացնի հսկայական կոռուպցիոն ռիսկեր: Դա կբերի նաև մեր առաջատար, տաղանդավոր գիտական մտքի արտահոսք:

  2. Ռուբեն says:

    Լավ է աշխատում ԲՈՀ-ը, թե` վատ, բայց նրա գործունեության մեջ ներկայումս գոնե կա հնարավոր օբյեկտիվություն և անաչառություն: Իսկ դա պայմանավորված է նրա անկախ մարմին լինելու հանգամանքով: Իսկ եթե ԲՈՀ-ի ներկայիս գործառույթները ենթարկեցնեն Կրթության և գիտության նախարարությանը, ապա միջնորդություններն ու հովանավորչությունը միանշանակ կակտիվանան: Մեր մոտ սովորություն է դարձել, գոյություն ունեցող լավ կառույցը քանդում ենք և տարիներ հետո ենք հասկանում, որ հին կառույցն ավելի լավ էր աշխատում:
    Մանավանդ ներկա ապահին, երբ կրթության ու գիտության ոլորտը ղեկավարում է թույլ և իր ոլորտին տեր չկանգնող նախարար, որը ուսանողների տարեկետման իրավունքի վերացման հարցով կլոր սեղանի քննարկումներին դարձել էր կարծես պաշտպանության նախարարության շահերի պաշտպանը, իսկ ուսանողները ԿԳ նախարարի փոխարեն փորձում էին պաշտպանել գիտության ու կրթության շահերը: Նույն նախարարը 2018թ. բյուջեի ընդունման ժամանակ չփորձեց տղամարդավարի ասել, այ ժողովուրդ, էս չնչին ֆինանսական հատկացումներով հնարավո՞ր է երկրում գիտություն պահել…
    Մի խոսքով, եղած աշխատող կառույցը` ԲՈՀ-ը պետք է թողնել որպես անկախ մարմին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930