Լրահոս
Օրվա լրահոսը

«Շշմելու լավ կոլեկտիվ է»

Նոյեմբեր 22,2017 14:00

Հայտարարում է Կամերային երաժշտական թատրոնի
տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանը

Ավելի քան մեկ ամիս առաջ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ռեժիսոր Եղիշե Խերանյանը: Նրա աշխատանքային գործունեությունը մեզ ծանոթ է դեռեւս 1980-ականների կեսերից: Հայկական հեռուստատեսությունում նա իրականացնում էր մշակույթի եւ արվեստի գործիչներին նվիրված հաղորդումներ, 1985 թվականից Եղեգնաձորում հիմնադրեց հեղինակային երգի փառատոն, նույն թվականին Առնո Բաբաջանյանի անվան վոկալ գործիքային անսամբլների հանրապետական փառատոնն Ալավերդիում: Նշենք նաեւ 85-ին ռեժիսորի կազմակերպած առաջին ռոք փառատոնը Երեւանում: Եղիշե Խերանյանի՝ կամերային երաժշտական թատրոնում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո շատերը սկսեցին հիշել 1991 թվականից նրա գործունեությունը որպես Երիտասարդական պալատի մշակութային կենտրոնի տնօրեն, մինչեւ մշակույթի նախարարության ԾԻԳ-ում աշխատանքը, որտեղ հիմնադիր տնօրեն էր:
Մենք էլ հիշում ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում Խերանյանի ռեժիսուրայով 2000-ականների կեսերին «Շխոնց Միհրանը» վիպակի բեմադրությունը, որն արժանացել էր մասնագետների ու հանդիսատեսի ուշադրությանը:

«Առավոտի» հետ հանդիպմանը Եղիշե Խերանյանը ասվածին ավելացրեց վեց տարի անընդմեջ հեռուստատեսությամբ հեռարձակվող իր հեղինակային՝ «Պատուհանից այն կողմ» հաղորդաշարը: Ասաց, որ այս պահին Պատանի հանդիսատեսի թատրոնում ընթանում են իր ռեժիսուրայով Ազատ Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը» պիեսի բեմադրական աշխատանքները ու հավելեց. «Ավարտել եմ Մարատ Մարինոսյանի արվեստանոցը, ուսուցիչս եմ համարում նաեւ Վարդան Աճեմյանին: Կարճ ասած՝ աշխատանքս միշտ կապված է եղել մշակույթի հետ»:

Դիտարկմանը՝ թատրոններում ինտրիգները եղել են ու կլինեն, Կամերային երաժշտական թատրոնը չափազանց հարուստ է դրանցով, ռեժիսորն ընդամենն արձագանքեց. «Շշմելու լավ կոլեկտիվ է, հիմնականում երիտասարդներ են, որոնք իսկապես ապրում են թատրոնով»: Հետաքրքրությանը՝ կարճ ժամանակահատվածում ի՞նչ փոփոխություններ է կատարել, մանավանդ որ, նոր ղեկավարի գալուն պես, չգիտես ինչու, մեզանում սկսվում են, մեղմ ասած՝ ատեստացիաներն ու ինչու չէ՝ կադրային ջարդը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թատրոնի դերասանները 29-ն են: Իմ գալուն պես երեք-չորս նախկին դերասաններ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել էին՝ վերադարձել են, այդ թվում՝ ճանաչված անուններ՝ Իլոնա Սագիեւան, Անահիտ Կիրակոսյանը, Արմեն Մարգարյանը: Այսօրվա դրությամբ թատրոնի խաղացանկում է 8 ներկայացում, յոթը՝ մանկական, մեկը՝ մեծահասակների համար: Հավաստիացնում եմ՝ հաջորդ թատերաշրջանին այս թիվը կկրկնապատկվի: Գուցե այս հայտարարությունս հավակնոտ է, բայց, եթե առաջիկայում հայտարարված տնօրենի մրցույթում հաղթեմ, ես խոստանում եմ… Այսինքն՝ կունենանք կանոնավոր երեկոյան ներկայացումներ եւս: Նոյեմբերն ավարտվելուն պես կգրանցենք 34 ներկայացում»: Ռեպլիկին՝ գուցե գլխավոր ռեժիսորի ղեկն է՞լ իր ձեռքը վերցնի, պարոն Խերանյանն ասաց. «Թատրոնի գեղարվեստական քաղաքականությունը պետք է վարի առանձին մարդ:

Անպայման պետք է ունենանք գեղարվեստական խորհուրդ, որպեսզի բոլոր ստեղծագործական հարցերը ճիշտ լուծում ստանան, այլ ոչ թե, ասենք՝ տնօրենի սուբյեկտիվ մոտեցմամբ: 2018-ին կանցկացնենք ատեստացիոն որակավորում: Մի բան կարող եմ ասել՝ խաղաղ մթնոլորտ է թատրոնում, ունենք հիանալի պարուսույց՝ Նարինե Միրզոյան, վոկալի մասնագետ՝ Իրինա Յորդանովա… Չորս նոր երաժշտական ներկայացումների վրա ենք աշխատում, որոնցից երկուսի պրեմիերան կկայանա դեկտեմբերին: Դրանց իրականացման համար հրավիրել ենք ռեժիսորներ Գոհար Փոքրիկյանին, Վիգեն Ստեփանյանին, Գառնիկ Սեյրանյանին, Արսեն Ղազարյանին: Հրավիրել ենք նաեւ երիտասարդ նկարիչների: Այդ ներկայացումներն են «Կոշկավոր կատուն», «Երազանքների իրականացում», «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» եւ «Ճանճուլիկ-ոսկե փորիկ»: Ավելին՝ «Մոխրոտի» բեմադրության համար հրավիրել ենք սկսնակ կոմպոզիտորի, որի առաջին փորձն է լինելու թատրոնի երաժշտություն գրելը… Գալիք տարին հոբելյանական է՝ թատրոնի 30-րդ թատերաշրջանով»:

Նկատեցինք, որ թատրոնի առջեւ նոր, ժամանակակից դիզայնով գովազդային վահանակ է, բեմն էլ արդեն վարագույր ունի: Հետաքրքրվեցինք՝ է՞լ ինչ աշխատանքներ են կատարվել: Եղիշե Խերանյանը հայտնեց, որ բարելավել են կոմունալ-կենցաղային պայմանները:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930