Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասք գերդաստանի մասին

Նոյեմբեր 22,2017 13:00

«Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը»
գրքի եւ տեսաֆիլմի շնորհանդես Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ «Հայարտանը» կայացավ «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի եւ համանուն տեսաֆիլմի շնորհանդեսը, որը հեղինակել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։

Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ Սերգո Երիցյանն իր գրքերով ու տեսաֆիլմերով ոչ միայն ներկայացրել է թիֆլիսահայ կյանքի քիչ ուսումնասիրված էջերը, այլեւ մի ողջ գերդաստանի պատմություն՝ հետաքրքիր ու ինքնատիպ կերպարներով, որոնցից ամեն մեկը անհատականություն էր՝ մոտիկ կանգնած Հայ առաքելական եկեղեցուն, հայեցի կրթությանը եւ մշակույթին։ Նրանք արարող եւ ստեղծարար մարդիկ էին, որոնց համար կյանքի սկզբունքն էր՝ ունեցածից բաժին հանել կարիքավորին։

Բարձր գնահատելով ներկայացվող գիրքը եւ տեսաֆիլմը՝ թիֆլիսահայ կյանքի գիտակ, հասարակագետ Յուրի Մկրտումյանցն ասաց, որ հեղինակը ցույց է տալիս Թամամշյանցների գերդաստանի ակտիվ գործունեությունը ոչ միայն Թիֆլիսում, այլեւ նրա սահմաններից դուրս՝ Ստավրոպոլում, Եկատերինոդարում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ միշտ լինելով հայկականության կողքին, աջակից լինելով հանրության խնդիրների լուծմանը։ Չէ՞ որ հենց նրանք էին, որ օպերային թատրոն կառուցեցին Թիֆլիսում, խմելու ջրատար՝ Ստավրոպոլում, ալրաղաց՝ Եկատերինոդարում, գրական, գիտական մշակութային ակտիվ գործունեություն ծավալեցին Սանկտ Պետերբուրգում։
Մյուս բանախոսները եւս կարեւորեցին ու արժեւորեցին ներկայացվող գիրքը եւ տեսաֆիլմը, ընդգծելով, որ Թամամշյանցների թողած դասերը մեզ կարող են շատ սովորեցրել՝ ազգային ակունքներին միշտ հավատարիմ լինելու առումով։
Հեղինակը՝ Սերգո Երիցյանը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի եւ տեսաֆիլմի պատրաստմանը, այն համարելով պատմության անհայտ էջերի բացահայտման եւ թարմացման հնարավորություն մի կողմից, եւ ինչ-որ չափով նաեւ մի մեծ թիֆլիսյան բնիկ գերդաստանի վերադարձ մեր այսօրվա իրականություն՝ այս կերպ, երբ մոռացությունից փրկվում են երեւելի մարդկանց կյանքի եւ գործունեության խոսուն էջերը։


Թբիլիսիում գտնվելով՝ Սերգո Երիցյանն այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» նորաբաց գիտամշակութային կենտրոն եւ թեմի առաջնորդի ներկայությամբ կենտրոնին հանձնեց Հովհաննես Թումանյանին առնչվող եւ վերջին տարիներին հրատարակված գրականություն, գեղանկարիչ Արմեն Վահրամյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթի նկարազարդումներից, ինչպես նաեւ այլ գրականություն։ Այցելության ժամանակ խոսք բացվեց կենտրոնի գործունեության եւ ծրագրերի մասին, մասնավորապես, որ դրանք նպատակաուղղված պետք է լինեն ինչպես Թումանյանի, այնպես էլ Թիֆլիսում ապրած եւ ստեղծագործած շատ գրողների գրական ժառանգության ներկայացմանը ինչպես հայերին, այնպես էլ այլազգիներին։ Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց լուրջ ուշադրություն դարձնել Թբիլիսիի տարբեր արխիվային նյութերին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ գրականության նկատմամբ։

Ս. ԲԱԴԱԼՅԱՆ

Թբիլիսի-Երեւան

«Առավոտ»

21.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930