Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու Թուրքիան վերածվեց ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամի

Նոյեմբեր 22,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ,
թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

– Պարոն Գաբրիելյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին հանդիպեցին Սոչիում։ Դա այս տարվա ընթացքում Պուտին-Էրդողան հինգերորդ հանդիպումն էր: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ի՞նչ մակարդակում են այսօր ռուս-թուրքական հարաբերությունները:

– Այո, սա ՌԴ-ի ու Թուրքիայի առաջնորդների 6-րդ հանդիպումն էր այս տարի, եւ Էրդողանի երրորդ այցը ՌԴ։ Բացի այդ, նրանք այս տարի արդեն 13 անգամ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ։ Սոչիում Պուտինի ու Էրդողանի հանդիպումը տեւել է ավելի քան 4 ժամ, ինչը նշանակում է, որ կողմերն իսկապես բազում (երկկողմ, միջազգային) հարցեր են քննարկել, ինչպես եւ ակնկալվում էր։ Էրդողանի ռուսական այցը կարեւոր էր Արեւմուտքի (ՆԱՏՕ) հետ Թուրքիայի հարաբերությունների սրման ֆոնին։ Ինչպես հայտարարեց Պուտինը, ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները գրեթե ամբողջովին վերականգնվել են, եւ ՌԴ-ն Թուրքիայի հետ համագործակցում է գործնականում բոլոր ուղղություններով։ Պուտինի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի մի շարք տեսակների ներկրման վրա դրված սահմանափակումների վերացման հարցը։ Բայց քանի որ դրանց արդյունքների մասին չհայտարարվեց, նշանակում է, որ ՌԴ-ն դեռ նախընտրում է պահպանել դրանք եւ վիզային ռեժիմը՝ որպես Թուրքիայի հանդեպ լծակ։

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ,
թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Պուտինը խոստացել է, որ շարունակելու է Էրդողանի հետ կանոնավոր շփումները, ինչը կասկած չի հարուցում։ Դա նրան նույնպես անհրաժեշտ է Արեւմուտքի հետ ՌԴ-ի բարդ հարաբերությունների ֆոնին։ Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումն ընթանում է ամբողջ թափով, թեպետ դա կողմերին չի խանգարում հարկ եղած դեպքում աչքի ընկնել միմյանց դեմ գործելով։ Ամեն դեպքում, եթե ամիսներ առաջ ՌԴ-ն Թուրքիային մեղադրում էր ահաբեկչությանը (ԻՊ) աջակցելու համար, իսկ Թուրքիան էլ իր հերթին էր ՌԴ-ին մեղադրում ահաբեկչությանը (PKK) աջակցելու համար, ապա ներկայումս կողմերը մի կողմ են դրել այդ ամենը՝ գիտակցելով, որ երկկողմ հարաբերությունների վատթարացումը օգտակար չէր կողմերից եւ ոչ մեկի համար։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ 2015թ. նոյեմբերից, երբ թուրքական օդուժը Սիրիայի սահմանին ռուսական ռազմական օդանավ էր խոցել, եւ երկու երկրների հարաբերությունները խիստ վատթարացել էին, ՌԴ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ, այսօր արդեն այդ փուլն անցյալում է: Մոսկվան ու Անկարան ունե՞ն այսօր տարաձայնություններ:

– Այո՛, կարող ենք ասել, որ այդ փուլն արդեն անցյալում է, եւ ինքնաթիռային միջադեպը ու դրան հաջորդած զարգացումները երկու երկրներին ստիպեցին ավելի լավ գնահատել եւ արժեւորել միմյանց կարեւորությունը, փոխադարձ պահանջարկվածությունը։ Սակայն դա իհարկե չի նշանակում, թե երկու երկրների միջեւ այսօր չկան տարաձայնություններ, ընդ որում՝ դրանք տարաբնույթ են։ Տարածաշրջանային մրցակից երկու երկրների շահերը խաչվում են այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքը, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան եւ այլուր։ Կան դեպքեր, երբ Թուրքիայի գործողություններն են հարուցում ՌԴ դժգոհությունը (օրինակ՝ «Անդրկասպյան», «Անդրանատոլիական», «Անդրադրիատիկ» գազատարների նախագծերին Թուրքիայի աջակցելը), եւ կան դեպքեր, երբ ՌԴ գործողություններն են հարուցում Թուրքիայի դժգոհությունը (օրինակ՝ ՌԴ-ի կողմից C-400 համակարգերի արտադրման տեխնոլոգիաների չտրամադրումը, բանակցային գործընթացում Սիրիայի քրդերին ընդգրկելու ջանքերը)։ Կողմերը պարզապես ավելի կարեւորում են երկկողմ հարաբերությունները զարգացնելը, երկկողմ տարաձայնությունները հնարավորինս թեթեւ հաղթահարելը կամ էլ դրանք ժամանակավորապես անտեսելը եւ Արեւմուտքի դեմ «միասնական ճակատով» գործելը։

Երկու երկրների մերձեցմանը նպաստում է այն, որ ՌԴ-ն ու Թուրքիան ունեն մի շարք կարեւոր ընդհանրություններ. ա) ՌԴ-ում ու Թուրքիայում ավտորիտար (նմանատիպ) ռեժիմների առկայություն, բ) մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ Արեւմուտքի դատապարտող հայտարարություններից ՌԴ-ի ու Թուրքիայի մեծ դժգոհություններ ու նեղացած կեցվածք, գ) Արեւմուտքից ՌԴ-ի ու Թուրքիայի որոշակի մեկուսացվածություն. ՌԴ-ն արդեն իսկ Արեւմուտքի պատժամիջոցների տակ է, իսկ Թուրքիան այդ ճանապարհին է, դ) երկու երկրների կայսերական անցյալը. թե՛ ՌԴ-ն, թե՛ Թուրքիան ներկայումս նկրտումներ ունեն՝ եթե ոչ նախկին կայսրությունները վերականգնելու, ապա գոնե դրանց տարածքներն իրենց ազդեցության տակ պահելու, ե) ՌԴ-ի ու Թուրքիայի ամենակարեւոր ընդհանրությունը նրանց այն դիրքորոշումն է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային եւ ոչ թե արտատարածաշրջանային երկրների ու ուժերի (ԱՄՆ) կողմից։ ՌԴ-ի հետ հարաբերությունները Թուրքիայի համար բավական կարեւոր են ինչպես երկկողմ շփումների ու դիվերսիֆիկացման համատեքստում, այնպես էլ Արեւմուտքին իր «այլընտրանք ունենալը» ցույց տալու, Արեւմուտքին շանտաժի ենթարկելու պլանների (բլեֆային/շանտաժային քաղաքականության) համատեքստում։

– Երկկողմ հարաբերություններում ռազմական եւ տնտեսական ամենախոշոր ծրագրերից է ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը: Անկարան այդ հարցը լուծված է համարում: Էրդողանն ասել էր, որ C-400-ների համար Թուրքիան արդեն 2 միլիարդ 500 միլիոն դոլարի կանխավճար է տվել: Այս գործարքն, ի վերջո, կարելի՞ է վերջնականապես լուծված համարել, եւ բացի այդ՝ որքանո՞վ է այն վտանգում Թուրքիայի եւ Արեւմուտքի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները:

– Սոչի մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան հուսով է, թե առավելագույն արագությամբ կիրագործվի ՌԴ-ի հետ C-400 համակարգերի գնման վերաբերյալ պայմանագիրը։ Նրա խոսքերով՝ C-400 համակարգերի վերաբերյալ ՌԴ-ի հետ արդեն կա պայմանավորվածություն, փաստաթղթերը ստորագրված են, սակայն դեռ կան տեխնիկական մի շարք դետալներ, որոնք ծրագրում է քննարկել Սոչիում։ Այնպես որ, հարցը վերջնականապես լուծված չէ, ընդ որում՝ դա վերաբերում է C-400 համակարգերի գնման հարցում Թուրքիայի համար ամենակարեւոր խնդրին. Թուրքիան ցանկանում է ստանալ այդ համակարգերի արտադրման տեխնոլոգիաները, որպեսզի ապագայում կարողանա արտադրել նման համակարգեր։

Սակայն ՌԴ-ն ցայժմ չի համաձայնել դրան։
Այնպես որ, եթե Թուրքիան ՌԴ-ից միայն ստանա C-400 համակարգեր եւ չստանա դրանց արտադրման տեխնոլոգիաները, ապա նա իր առաջադրանքը կատարած կլինի միայն թերի։ Դա ավելի ակնառու է դառնում նաեւ այն ֆոնին, որ C-400 համակարգերի այն քանակը, որը Թուրքիան պետք է ստանա ՌԴ-ից, ամբողջովին չի ծածկի Թուրքիայի օդային տիրույթը։ 2017թ. հուլիսի կեսին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները եվրոպական (ֆրանս-իտալական) EUROSam կոնցեռնի հետ ստորագրել են հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության (ՀՀՊ/ՀՕՊ) հեռանկարային համալիրների մշակման ու արտադրման շուրջ համագործակցության մասին համաձայնագիր։ Ի դեպ, տարիներ առաջ EuroSam կոնսորցիումը (Samp-T համալիրներ) մասնակցել էր մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման վերաբերյալ Թուրքիայի հայտարարած մրցույթին, սակայն թուրքական կողմը չէր ընտրել նրան։ Բնականաբար, ՌԴ-ից ՀՀՊ համակարգեր գնելուն ուղղված Թուրքիայի քայլերը հարուցում են Արեւմուտքի եւ հատկապես ՆԱՏՕ-ի դժգոհությունը, ինչպես որ 2013թ. Չինաստանից նման համակարգեր գնելու Թուրքիայի փորձի դեպքում էր (ՆԱՏՕ-ն քանիցս հայտարարել է, որ այդ երկրներից գնված ՀՀՊ համակարգերը չեն կարող ինտեգրվել դաշինքի ՀՀՊ համակարգին)։ Այն ժամանակ Թուրքիան փորձեց ԱՄՆ-ից ստանալ Patriot ՀՀՊ համակարգերի արտադրման տեխնոլոգիաները, սակայն մերժում ստացավ։ Եվ այդ ժամանակից ի վեր Թուրքիան փորձում է խնդիրը ներկայացնել այնպես, որ «հարկադրված է» հայացքը հառել Չինաստանին, հիմա էլ՝ ՌԴ-ին, եւ որ դա Արեւմուտքի կողմից իրեն «պարտադրված» որոշում է։ Թուրքիայի այդ քայլերը նոր լարվածություն են առաջացնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչը տեղի է ունենում այն ֆոնին, որ վերջին տարիներին Թուրքիան վերածվել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամի։

– Մոսկվայի ու Անկարայի նշանակալի ծրագրերից է Թուրքիայում ատոմակայանի կառուցումը: Ակնկալվում է, որ Ռուսաստանը 22 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու ատոմակայանը կառուցելու համար: Այս ծրագրի իրագործումը ե՞րբ է նախատեսվում:

– Նախեւառաջ նշենք, որ միջերկրածովյան Աքքույու վայրում կառուցվելիք ատոմակայանը հանդիսանալու է Թուրքիայի առաջին ատոմակայանը, եւ դրա կառուցման իրավունքը 2010թ. Թուրքիայի կողմից ՌԴ-ին («Ռոսատոմ») տալը, նման վստահություն հայտնելը վկայում էր ՌԴ-ի հետ մերձենալու Թուրքիայի ձգտման մասին։ Դա մի կողմից՝ երկարաժամկետ համագործակցության հիմք կստեղծեր երկու երկրների միջեւ («Ռոսատոմը» պետք է 60 տարի շահագործի Աքքույուի ԱԷԿ-ը, ինչը կարող է երկարաձգվել եւս 20 տարով), իսկ մյուս կողմից էլ թուրքական կողմի մտահղացմամբ՝ դա պետք է հանգեցներ նրան, որ ՌԴ-ն տարբեր հարցերում աջակցեր Թուրքիային կամ էլ առավել զգույշ լինել Թուրքիայի համար անբարենպաստ դիրքորոշում հայտնելիս։ Աքքույուի ԱԷԿ-ի (ունենալու է 4 էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1200 մվտ հզորությամբ) կառուցման հիմնարկեքի արարողությունը կարող է իրականացվել մինչեւ տարեվերջ։

ԱԷԿ-ի կառուցումն ու գործարկումը կտեւեն 10 տարի (Թուրքիան ծրագրել է կառուցել եւս երկու ատոմակայան՝ սեւծովյան Սինոպում եւ Բուլղարիայի հետ սահմանի մոտ գտնվող Իղնեադա վայրում)։ Էրդողանը Պուտինին արդեն հրավիրել է ներկա գտնվել Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը։ Պուտինը Սոչիում հայտարարել է, որ իրենք ծրագրում են Աքքույուի ԱԷԿ-ի առաջին ռեակտորը գործարկել 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը)։ Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարում էր, թե Աքքույուի ԱԷԿ-ը պատրաստ կլինի մինչեւ 2023թ., սակայն ինքնաթիռային միջադեպը հետաձգեց նախագծի իրագործումը։ ԱԷԿ-ների կառուցմամբ Թուրքիան էականորեն կնվազեցնի գազի (էներգակիրների) ներկրման ծավալները, իր էներգետիկ կախվածությունը (ՌԴ-ն Թուրքիայի թիվ մեկ գազամատակարարն է, ապահովում է նրա գազային պահանջարկի 50-55%-ը), ինչպես նաեւ տարեկան կտնտեսի միլիարդավոր դոլարներ (Թուրքիան էներգակիրների ներկրման վրա տարեկան ծախսում է մոտ 50 մլրդ դոլար)։

– Ի՞նչ վիճակ է ռուս-թուրքական առեւտրատնտեսական հարաբերություններում: Էրդողանը առաջարկել էր ամբողջովին վերացնել երկու երկրների միջեւ դեռ առկա առեւտրային որոշ սահմանափակումները եւ վերականգնել առանց վիզաների այցելությունների ռեժիմը:

– Ինքնաթիռային միջադեպն ու դրան հաջորդած՝ ՌԴ-ի կողմից Թուրքիայի հանդեպ սահմանած տնտեսական սահմանափակումները լուրջ հարված հասցրին երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության մակարդակը 100 մլրդ դոլարի հասցնելու Թուրքիայի պլանին։ Եթե 2014թ. ՌԴ-ի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 31 մլրդ դոլար, ապա 2015թ. այդ ցուցանիշը նվազեց մինչեւ 24 մլրդ դոլարի, իսկ 2016թ. կազմեց մոտ 17 մլրդ դոլար։ Այս տարվա առաջին կեսին ապրանքաշրջանառության ծավալը որոշակիորեն աճել է (Պուտինի խոսքերով՝ 36%-ով)՝ հասնելով մոտ 10 մլրդ դոլարի։ Արդեն նշվեց, որ ՌԴ-ն շարունակում է պահպանել առեւտրային մի շարք սահմանափակումներ, եւ թեեւ դրանք գրեթե ամբողջովին վերացված են, սակայն ինքնաթիռային ճգնաժամից առաջ ունեցած ապրանքաշրջանառության մակարդակին հասնելու համար կողմերից ըստ ամենայնի կպահանջվի դեռ 1-2 տարի։

– Պուտին-Էրդողան հանդիպման նախաշեմին վերականգնվեց թուրքական լոլիկների արտահանումը Ռուսաստան: Նախատեսվում է այս տարվա ընթացքում 5 հազար տոննա լոլիկ առաքել Ռուսաստան, համապատասխան պայմանագրերը երկու կողմերի միջեւ արդեն ստորագրված են: Առհասարակ, թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա որքանո՞վ է վնասում Հայաստանի՝ եվրասիական ծրագրերին:

– Թուրքական լոլիկի համար ՌԴ-ն բավական խոշոր եւ կարեւոր շուկա է։ 2014թ. Թուրքիայից ՌԴ արտահանվել է ավելի քան 508 մլն դոլարի լոլիկ, ռուսական շուկայում վաճառված լոլիկի 43%-ը ներկրվել էր Թուրքիայից։ Իսկ ահա 2015թ. ՌԴ-ն լոլիկի 52%-ը (347.000 տոննա) ներկրել է հենց Թուրքիայից։ Մինչդեռ երկկողմ հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջանում ՌԴ-ում մոտ 570 մլն դոլարի ներդրում է արվել տեղական լոլիկ արտադրողներին աջակցելու համար, եւ ՌԴ-ն նաեւ այդ պատճառով երկար ժամանակ չէր համաձայնում վերացնել թուրքական լոլիկի ներկրման արգելքը։ Այնպես որ, թուրքական լոլիկը շուտով ահռելի քանակությամբ վերստին կհայտնվի ռուսական շուկայում եւ կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հայկական լոլիկի համար։ Ես իհարկե տնտեսագետ չեմ, որպեսզի ասեմ, թե արդյոք թուրքական լոլիկը հայկական լոլիկի համեմատ ավելի՞ մրցունակ է ռուսական շուկայում, թե՞ ոչ։ Եթե չեմ սխալվում, թուրքական լոլիկն անգամ ներկրվում է Հայաստան, ինչը նույնպես խնդիր է տեղական արտադրողների համար։ Եթե անգամ հայկական լոլիկն ավելի մրցունակ լինի ռուսական շուկայում, ապա միեւնույն է՝ Հայաստանը չի կարող ռուսական շուկային ապահովել այնպիսի մեծ քանակությամբ, ինչպես որ Թուրքիայի դեպքում է։ Նույնը կարելի է ասել նաեւ ռուսական շուկա թուրքական այլ ապրանքների մուտքի մասին։

Հարցազրույցի ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի նոյեմբերի 22-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ ՄԱՀՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջի:

«Առավոտ», 21.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930