«Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, ամսի 15-ին, երբ ՀՀ նախագահը աշխատանքային այցով Մոսկվայում էր, ՌԴ ՊՆ-ի «Զվեզդա» հեռուստաալիքի «Պրոգնոզ» հաղորդաշարի`ՀՀ-ի եւ ԵՄ-ի համագործակցությանը եւ սպասվող համաձայնագրի ստորագրման մասին խոսելիս, հաղորդավարուհին իրեն ոչ կոռեկտ ձեւակերպումներ էր թույլ տվել, նաեւ` Հայաստանին մեղադրում էր ֆաշիզմի մեջ:
Ավելի ուշ, տեսանյութը հեռացվեց հեռուստաալիքի յութուբյան էջից:
Անկախ այս ամենից, ՀՀԿ-ի գնահատականն այսպիսին է. «Նժդեհի մասին, մեղմ ասած, ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից:Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին ու պետությունն իր խողովակներով իր կարծիքը արտահայտել է»:
Անկախ տրվող որակումներից, Էդուարդ Շարմազանովը ընդգծում է`Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է, ի շնորհիվ նրա մենք ունենք անկախ Սյունիք, հերոսացած Ղարաքիլիսայի ժողովուրդ:
ԱԺ փոխխոսնակին հարց հնչեց նաեւ նախագահի բրյուսելյան այցի մասին:
Հիշեցնենք, ամսի 24-ին նախատեսվում է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը: Շարմազանովն ասաց` նախագահի աշխատակազմը սահմանված կարգով տեղեկություն կտրամադրի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ