«Հայ-ռուսական հարաբերութունները վստահելի զարգանում են բոլոր ուղղություններով`hումանիտար, տնտեսական, քաղաքական ու, նախեւառաջ, ռազմական ու ռազմավարական ուղղություններով դրանք կարելի է բնութագրել դաշնակցային հարաբերություններ», – այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանն ամսի 15-ին աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Ամփոփելով նախագահի այցը Մոսկվա, Էդուարդ Շարմազանովն ասաց` հայ-ռուսական հարաբերությունները ունեն բարձր փոխադարձ վստահություն ու մեծ հեռանկարներ:
Իշխող կուսակցության ղեկավար մարմնի հավաքի ժամանակ քննարկվել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան, Հայաստան: ՀՀԿ-ում այցը դրական են գնահատել:
«Կարծում եմ, որ պարոն Լավրովը նշել է սկզբունքների մասին, որոնք պետք է լինեն մեկ փաթեթի մեջ, ոչ թե առանձնացվեն: Սա հստակ ազդակ է Ադրբեջանին, որովհետեւ նա է փորձում տարիներ շարունակ ձեւափոխելով համանախագահների հայտարարությունները՝ այս կամ այն սկզբունքն առանձնացնել»,- պարզաբանեց Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի`Հայաստանում արած այն հայտարարությանը, որ կա արցախյան հարցի կարգավորման «մենյու», որտեղ փաթեթային տարբերակն է հիմնականում դրված, եւ եթե այդ տարբերակը խախտվի հօգուտ որեւէ մեկի, կխախտվի նաեւ հավասարակշռությունը:
«Լավրովը շատ հստակ մեսիջ արեց`երեք սկզբունքները մեկ փաթեթում պետք է դիտարկել: Ինքնորոշման սկզբունքը շատ հստակ սկզբունք է եւ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության որեւէ հարց չի կարող լուծվել»,- ասաց բանախոսը`հավելելով`հայկական կողմերը խաղաղ բանակցությունների կողմնակից են`Մինսկի խմբի համանախագահության սկզբունքով: Իսկ համանախագահները, Էդուարդ Շարմազանովի հիշեցմամբ, խոսում են տարածքային ամբողջական, ուժի անթույլատրելիության մասին, սակայն դա Ադրբեջանի կողմից չի ընդունվում:
Բանախոսը էական է համարում ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում բարդություններին, արցախյան հարցում երկու երկրներն ունեն նույն դիրքորոշումը. «Բոլոր այն հեքիաթները, որ մինչեւ հանդիպումները գրվում էր ադրբեջանական մամուլում, մենք տեսանք, որ հօդս ցնդեցին: Եթե գումարենք նաեւ պարոն Նալբանդյանի մեսիջները, որ պետք է իրականացնել Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնեւի պայմանավորվածությունները` վերահաստատվում է, որ հայկական կողմը ոչ միայն իր դիրքորոշումը չի փոխել, այլ հստակեցրել է դրանք: Որեւէ սկզբունք չի կարող մյուսի նկատմամբ ունենալ առաջնայնություն: Սա հստակ ուղերձ է Ադրբեջանի ղեկավարությանը»:
Արցախի հարցի կարգավորման շուտափույթ լուծումներ չսպասելու մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության վերաբերյալ էլ ԱԺ փոխխոսնակն ասաց`լավատեսի կամ հոռետեսի հարց չէ. «Պետք է իրատես լինել ու գիտակցել, որ այս խնդիրը չի կարող շուտափույթ լուծում ունենալ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումը»:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի`ԵԱՏՄ-ին անդամակցությանը, բանախոսը կրկնում է` Հայաստանն իր տեսակետը կհայտնի, երբ նման խնդիր առաջանա: Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, հայտարարել էր, որ ՌԴ-ն դեմ չի լինի Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ