«Սեքսիզմն ու բռնությունը հայաստանյան հեռուստատեսության եթերում». Այս թեմայով այսօր «Հոդված 3» ակումբում քննարկում էր, որի ժամանակ Գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը ներկայացրեց, թե ինչ է սեքսիզմը:
Ըստ Շահնազարյանի, սեքսիզմ բառը հաճախ այլ իմաստով է ընկալվում հանրության շրջանում, այն գաղափարախոսության եւ սոցիալական պրակտիկաների մի համակարգ է, որը խտրականության է ենթարկում մեկ սեռին: Հայաստանում սեքսիզմի դրսեւորումներին ամենաշատը կանայք են ենթարկվում, քան տղամարդիկ:
«Սեքսիզմը կարող է լինել ինստիտուցիոնալ, այսինքն՝ արտահայտվել որոշակի ինստիտուտների ներքո, օրինակ՝ քաղաքականության մեջ, որտեղ կանայք շատ քիչ են: Նաեւ աշխատաշուկայում, երբ կանանց աշխատավարձն ավելի ցածր է, քան տղամարդունը»,-ասաց Շահնազարյանը:
Շահնազարյանի ներկայացմամբ՝ կա նաեւ այսպես ասած՝ բարյացակամ սեքսիզմ, երբ ասում են՝ «Ինչո՞ւ պետք է կանայք ծանր աշխատանք կատարեն»:
Սեքսիզմի շատ դրսեւորումներ, ըստ Շահնազարյանի, գովազդներում եւ հեռուստաեթերում են, սերիալներում, հայտարարություններում, դասագրքերում:
«Պրո-մեդիա գենդեր» հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Հովնաթանյանն էլ նկատեց. «Քաղաքական դաշտում բարյացակամ սեքսիզմի դրսեւորումներից է, երբ կանանց ասում են՝ «դու իսկական քաղաքական գործիչ ես, այնպիսին չես, ինչպիսին մյուսները, կամ՝ «մենք չենք ուզում կանայք շատ լինեն քաղաքականության մեջ, որովհետեւ կեղտոտ գործ է»:
Տիկին Հովնաթանյանը որոշ օրինակներ բերեց սեքսիմի վառ դրսեւրումներից՝«Խնդրում եմ չդրսեւորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք: Ես ինձ վիրավորված կզգամ, եթե հաղթեմ կնոջը: Կին պատգամավոր է, ասել է, ասել է, լավ է հարեւան երկրների մասին բան չի ասել: Կնիկ է, նրա հետ ի՞նչ հակասություն պիտի ունենա: Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, նույնիսկ պատգամավոր կինը: Իմ դաստիրակությունը թույլ չի տալիս հաշվի չառնել, որ դուք կին եք, հետեւաբար փորձեք կնոջը վայել նազանքով, քնքշանքով այս ամբիոնն օգտագործել»:
Քննարկման ժամանակ ցուցադրվեց սանտեխնիկայի գովազդ, որտեղ կնոջը համեմատում են զուգարանակոնքի հետ: Այս առնչությամբ փաստաբան Արա Ղազարյանն էլ նկատեց, որ «Գովազդի մասին» օրենքի համապատասխան հոդվածը կարող է հիմք լինել նշված գովազդն արգելելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսել. «Բայց մարդիկ շատ պասիվ են: Մենք ունենք գենդերային օրենք, որը բացարձակապես չի օգտագործվում: Իսկ կառավարությունում Հովիկ Աբրահամյանի ժամանակ նույնիսկ գենդեր բառն արգելված էր օգտագործել, որովհետեւ դա ասոցացվում էր այլասերվածության հետ: Սկզբունքորեն, ցանկացած կին այս գովազդի հիմքով կարող է դիմել հեռուստաընկերության դեմ, որը ցուցադրում է, կամ ընդդեմ գովազդը պատրաստողի, եւ վերցնել 2 օրենք, մեկը՝ գենդերային օրենքը, եւ գովազդի մասին օրենքը»:
Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը, որը եւս մասնակցում էր քննարկմանը, անդրադառնալով արծարծվող թեմային եւ ՀՌԱՀ-ի լիազորություններին՝ ոլորտի կարգավորման առնչությամբ, ասաց, որ հասարակությունում թյուր կարծիք կա հանձնաժողովի լիազորությունների մասին, եւ իրենք չեն կարող ներխուժել հեռուստառադիոընկերությունների խմբագրական քաղաքականություն, եւ թելադրել քաղաքականությունը, եւ վերահսկել կոնտենտը կարող են:
Ինչ վերաբերում է հեռուստաեթերում սեքսիզմի դրսեւորումներին, Հակոբյանն ասաց. «Սեքսիզմը այն արատավոր երեւույթներն են, որոնք կան մեր մեջ: Դա պատգամավորների անտաշությունն է, կրթվածության պակաս մակարդակն է, սա այն մանիպուլյացիաներն են, որոնք կան քաղաքական կոմունիկացիայի մեջ»:
Տիգրան Հակոբյանն անդրադառնալով ցուցադրված գովազդին, նշեց՝« Մարդկային մշակույթում համեմատությունները հավերժ սյուժեներից մեկն են: Դավիթի Երգ-երգոցի մեջ կնոջ մարմինը համեմատվում է տարբեր մրգերի հետ»: Հակոբյանը հիշեցրեց նաեւ հեքիաթները, որտեղ մարդիկ կենդանիների են վերածվում, եւ այս իմաստով, Հակոբյանը նկատեց. «Դրանք խորքային կարծրատիպերի մեջ են եւ այստեղ վիրավորական արտահայտություններ տեսնել կանանց կամ տղամարդկանց նկատմամբ, դա փորձել կոտրել, մարդկային արխիտիպերը, ամբողջ պատմությունը եւ փորձել այլ հավասար օրենքներ դնել, որը շատ վտանգավոր է եւ բացում Պանդորայի արկղը, որովհետեւ ամեն ինչի մեջ կարելի է վիրավորական բան տեսնել»:
Տիգրան Հակոբյանը կոչ արեց այդ ամենին թեթեւ նայել, որովհետեւ դա մեր կարծրատիպերի մեջ է: Բացի այս, նույն կերպ, ըստ Հակոբյանի, կարելի է ասել, որ սեքսիզմի դրսեւորում կարող է լինել, որ կանայք բանակում չեն ծառայում, տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի ուշ են թոշակի անցնում, սեքսիզմի դրսեւորում կարող է լինել, որ կանայք ասֆալտ չեն փռում. «Եթե փորձենք հավասարեցնել դաշտը, դա սխալ կլինի, ելնելով տղամարդու եւ կնոջ տարբեր էություններից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ