Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների հետ վիճող ամենաակտիվ քաղաքացին դեղին շապիկով տղան էր. Ոստիկանի ցուցմունքը

Նոյեմբեր 21,2017 22:15

«Սարի թաղի» գործով դատական նիստին այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց ոստիկանության աշխատակից Ռաֆայել Մանուկյանը:

Վկան պատմեց, որ ականատես է եղել, թե քաղաքացիների նետած քարերից ինչպես է Էրեբունի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արմեն Գալստյանը վիրավորվել: Ըստ նրա, քաղաքացիների մեջ կային ալկոհոլ օգտագործածներ: Սարի թաղում հավաքված ժողովուրդը, ըստ վկայի, վիճել է ոստիկանների հետ, իրենց հայհոյել եւ քարեր նետել:

Թե ինչու էին քաղաքացիները ոստիկանների հետ վիճում, վկան չկարողացավ պատասխանել: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Դատարանում վկան այսօր մտաբերեց նաեւ դեպքի օրը ոստիկանների հետ վիճաբանության ամենաակտիվ մասնակցին՝ նկարագրելով նրան դեղին շապիկով տղա:

Երբ հերթը հասավ հաջորդ վկայի՝ Վահան Կարագյոզովի հարցաքննությանը, պարզվեց, որ վերջինս նախորդ վկայի հարցաքննության ժամանակ նիստերի դահլիճում է եղել, ինչը դատարանը չէր նկատել: Ու թեեւ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որ վկան չհարցաքննվի՝ դատական դահլիճում գնվելու համար, բայց նախագահող դատավորը չհամաձայնեց՝ պնդելով, որ ոչինչ չի խանգարում վկային ցուցմունք տալ:

«Դուք ցուցադրում եք ձեր շահագրգռվածությունը մեղադրական կողմի նկատմամբ, եթե այդպես է, Սարի թաղի գործով բոլոր վկաներին բերեք այստեղ, դահլիճում նստեն»,- առարկեց փաստաբան Սիմոնյանը՝ հայտնելով, որ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ Կարեն Վանոյանին եւ Սարգիս Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում, մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930