«Օլիմպավանում» Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին եւ 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի (արտագնա) եւ Դանիայի (Երեւանում) հետ հանդիպումներին:
Այսօր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հավաքականից հեռացվել է Ռայան Բոաթրայթը: Նա գիշերն է ժամանել Երեւան, բայց կրկին կմեկնի իր ակումբ:
«Ֆեդերացիայի եւ մարզչի համատեղ որոշմամբ Ռայան Բոաթրայթն այլեւս հանդես չի գա Հայաստանի հավաքականում, նրան հեռացրել ենք: Պատճառը Հայաստանի ազգային թիմի, ֆեդերացիայի ու մարզչի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է: Դա ծանր, բայց ճիշտ որոշում էր: Ազգային հավաքականում ոչ մեկն իրավունք չունի իրեն բարձր դասել մյուսներից, բոլորը հավասար են»,- ասում է Արա Պողոսյանը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի խոսքով, Հայաստանի թիմում պետք է լինեն այն բասկետբոլիստները, որոնք իսկապես ցանկանում են խաղալ իրենց երկրի համար. «Մեր թիմում Ռայան Բոաթրայթը միակ լեգիոներն էր եւ ամռանը նա ցույց տվեց իր խաղամակարդակը: Ես չեմ ցանկանում մանրամասների մեջ խորանալ: Կասեմ միայն, որ նա շատ կարեւոր խաղացող էր, բայց ոչ անփոխարինելի: Բասկետբոլը թիմային մարզաձեւ է: Մենք բասկետբոլային փոքր երկիր ենք, բայց պետք է պաշտպանենք ազգային հավաքականի շահերը: Չենք կարող թույլ տալ՝ որեւէ մեկը մեր շահերին հակառակ լինի»,- ասաց Նիկշա Բավցեւիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ