Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստն էր: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի, նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած «Սասնա ծռերին»:
Դատական նիստի սկզբում Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը՝ Կարեն Մեժլումյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ հորդորեց դատավոր Վարդան Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնել:
Ավելի ուշ վկաներից մեկին հարցաքննելուց հետո դատավորն ընդմիջում հայտարարեց, իսկ ընդմիջմանը, Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց քարտուղարին, որ այլ նիստի է գնում, կգա Ինեսսա Պետրոսյանը՝ Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպանը:
Սակայն մինչ Պետրոսյանը կգար, դատավոր Վարդան Գրիգորյանը, շարունակելով նիստը, հայտարարեց, որ սա ճիշտ վերաբերմունք չէ դատարանի նկատմամբ, առանց նախագահող դատավորին տեղյակ պահելու՝ փաստաբանը լքում է նիստը. «Ասել է, թե կինս է գալու, վաղը կասի՝ սպասեք՝ զոքանչս կգա: Սենց վերաբերմունք ոչ մի երկրի դատարանում չեք տեսնի, երբ որ իրավունքներից են խոսում՝ մեծ-մեծ խոսում եք»:
Դատավորն ասաց, որ սանկցիա կիրառելու անհրաժեշտություն դեռ չկա, չի ուզում սրել, առանց այն էլ լարված է մթնոլորտը: Նա զգուշացրեց, որ եթե մեկ անգամ էլ այսպիսի վերաբերմունք լինի՝ սանկցիա կլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ