Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելը ցանկանում է Հայաստանի միջոցով խոսել Իրանի հետ». արաբագետ (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 16:32

Երևանի մամուլի ակումբի եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Քաղաքական գործընթացները Միջին Արևելքում» քննարկման ժամանակ այսօր արաբագետ Հայկ Քոչարյանն անդրադարձավ նոյեմբերին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած այցին եւ համոզմունք հայտնեց, որ այդ փաստը խոսում է երկու երկրների հարաբերություններում նոր ընթացքի մասին:

«Հայաստանը դիտարկվում է որպես հարթակ, որի միջոցով Իսրայելը կարող է խոսել Իրանի հետ: Սա է, որ փոխել է Իսրայելի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Այդ այցի նախաձեռնողը մենք չէինք, այլ ավելի շատ՝ իսրայելական կողմը: Իսրայելի տեսանկյունից Հայաստանը կարող է առաջարկել այդ հարթակը: Բացի այդ, մենք Իսրայելում էլ ունենք հայկական համայնք եւ մշակութային մեծ ժառանգություն»,-փաստեց արաբագետը:

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանին վստահում է իրանական կողմը, իսրայելական կողմն էլ դեռեւս չվստահելու առիթ չունի:

Հայկ Քոչարյանը նշեց, որ ՀՀ արտգործնախարարի այցից հետո իսրայելական կողմը հայտարարեց՝ ձեռք են բերվել տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ կիբեռոլորտներում գործակցության մասին պայմանավորվածություններ. «Իսրայելն այդ ոլորտներում առաջատար է աշխարհում եւ մեզ գործակցություն է առաջարկում: Այսինքն, գնահատում է ՀՀ ձեռքբերումները»:

Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքներին, փորձագետն ընդգծեց. «Ասվեց, որ ակնկալում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում: Սա արդեն իսկ հնարավորություն է տալիս արձանագրելու, որ հայկական կողմը չի ուզում լինել նշյալ հարթակի միջնորդ, որովհետեւ մեր առաջարկը կարող է եւ չբավարարվել: Հայ-իսրայելական հարաբերությունների մյուս վտանգն այն է, որ չկան շարունակականություն եւ ծրագրավորված գործողություններ: Այսինքն, հետեւողականություն չի երեւում»:

Արաբագետը համոզված է, որ Հայաստանն ունի Իսրայելի հանդեպ նախաձեռնողական քաղաքականությամբ հանդես գալու հնարավորություն, բայց, ինչպես ասում են, դեռ ոչ ոք չի ուզում «անցավ գլուխը դնել ցավի տակ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930