Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի տարածքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված Անդրիաս Ղուկասյանի դատական նիստին հարցաքննվեց վկա Էդգար Պապիկյանը: Նա ասաց, որ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդում է աշխատում եւ նշեց, որ Անդրիաս Ղուկասյանին հանրահավաքներից է ճանաչում՝ որպես կազմակերպիչ:
Հարցին՝ քանի՞ անգամ եք շփվել իր հետ՝ ոստիկանը պատասխանեց. «Մեկ անգամ՝ առերեսման ժամանակ, իսկ հանրահավաքներին մի քանի անգամ տեսել եմ»:
Վկան պատմեց, թե ինչպես են ոստիկանները, դեպքի օրը տեսնելով անկարգություններ, Արմեն Մարտիրոսյանին 5 րոպե ժամանակ տվել, որ ժողովրդին ինչ ճանապարհով բերել են, նույն ճանապարհով էլ հետ տանեն: Նա ասաց, որ երբ տեսան, որ նորից քարերով հարվածում են եւ անկարգություններ են անում, հրաման եղավ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկել՝ որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ:
Հարցին՝ ում հետ բարձրացաք Սարի թաղ՝ նա թվարկեց ոստիկանության գեներալներին. «Աշոտ Կարապետյանը, ոստիկանության պետի տեղակալ Երանոսյան Լյովան, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննիսյան Սամվելը»:
Վկան հայտարարեց, որ լսել է՝ «Անդրիաս Ղուկասյանն ասում էր՝ կանայք հետ գնան, տղամարդիկ առաջ գան քարերով.. Իրենք բարձր էին, սկսեցին մեզ քարերով հարվածել, տարբեր տիպի հայհոյանքներ՝ մինչեւ ոստիկանության հասցեին»:
Ըստ նրա, Անդրիաս Ղուկասյանը ցուցարարներին կոչ է արել՝ «քարեր նետեք». «Ամենասկզբից, որ մտանք Սարի թաղ,մի մասը նստեցին գետնին, սկսեցին մեզ վերեւից քարերով հարվածել»:
Հարցին, թե ում է ճանաչում զանգվածային միջոցառման կազմակերպիչներից, նա տվեց Դավիթ Սանասարյանի անունը:
Նա ասաց, որ քաղաքացիները իրենց աջ ու ձախ կողմերում քարեր էին հավաքում եւ կուտակում: Ավելի ուշ, իր խոսքերով՝ սկսել են հարվածել իրենց հավաքած քարերով եւ այդ ժամանակ գնդի տարածքից կրակոցներ են հնչել:
Ավելի ուշ վկան դրվագ պատմեց՝ Զարուհի Փոստանջյանի հետ կապված. «Ասում էր՝ ոստիկանները հենց առաջ գան՝ մենք քարերով կհարվածենք: Դա իր արտահայտությունն է եղել»:
Հարցին՝ քարերը, որ նետում էին, տեսե՞լ եք, որ մեկին կպնի, նա պատասխանեց, որ տեսել է, կպել է, մարմնական վնասվածքներ են ստացել, ընդ որում՝ գլխի հատվածում:
Անդրիաս Ղուկասյանն էլ հարցրեց՝ եթե ասում եք, որ ես կոչ եմ արել քարեր նետել ոստիկանների վրա, կարո՞ղ եք որեւէ տեսագրություն վկայակոչել՝ ձեր խոսքերն ապացուցող, ինչպե՞ս հավատանք, որ եղել են նման կոչեր՝ ոստիկանը պատասխանեց, որ նման տեսագրություն չգիտի. «Ես իմ ականջներին եմ հավատում, ես լսել եմ»:
Դատավոր Վարդան Գրիգորյանը խնդրեց ոստիկանին կենտրոնանալ եւ հիշել՝ անձամբ ինքը լսել՞ է, որ Անդրիաս Ղուկասյանը ասի՝ քարերով հարվածեք ոստիկաններին: Վկան պատասխանեց՝ «Այո, լսել եմ»:
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին, ժամը 12-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ