«Քաղցկեղը սարսափելի բան է: Եթե մեկ ներարկումով հնարավոր է պաշտպանվել թեկուզ մեկ տարատեսակից, ապա արժե պատվաստվել»,-այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն՝ անդրադառնալով առաջիկայում մեկնարկող՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին: Մկրտչյանն ասաց, որ 20 տարի առաջ իր 43-ամյա կինը արգանդի պարանոցի քաղցկեղից է մահացել, եւ եթե մոտ 30 տարի առաջ գոյություն ունենար պատվաստանյութը, կինը հիմա ողջ կլիներ:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության ծրագրով նախատեսվում է Հայաստանի 13-ամյա աղջիկներին մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը՝ «Գարդասիլ» պատվաստանյութով: Այս պատվաստանյութի, եւ ընդհանրապես պապիլոմայի դեմ պատվաստման շուրջ բուռն քննարկումներ են ընթանում, կան կարծիքներ, որ այս պատվաստանյութից կողմնակի ազդեցությունները շատ են, ընդհուպ մինչեւ հաշմանդամություն եւ անպտղություն կարող է առաջանալ:
Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ հանրությունը նորամուծությունների, հատկապես առողջապահության ոլորտում, միշտ չէ, որ դրական է արտահայտվում. «Ոչ ոք չի կարող բերել գիտական հետազոտության արդյունքներ, որոնք անմիջականորեն ցույց են տալիս պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման եւ անպտղության կապը: Պատվաստումներն այս հիվանդության դեմ սկսվել են 2007 թվականից, ընդամենը 10 տարվա ընթացքում անհնար է հստակ կապ գտնել պապիլոմա վիրուսի պատվաստման և անպտղության դեպքերի միջեւ»:
Նախկին նախարարը պատվաստումների դեմ արտահայտվողների մասին խոսելիս հիշեցրեց միջնադարը. «Ինկվիզիցիան ոչնչացրել է բոլոր գիտնականներին, գիտության բոլոր ձեռքբերումները: Այրել են նրանց, ովքեր ասում էին, որ Երկիրը կլոր է եւ պտտվում է իր առանցքի շուրջ: Բայց այնուամենայնիվ, Երկիրը կլոր է եւ պտտվում է իր առանցքի շուրջ: Հակապատվաստումային շարժումը միշտ եղել է, կասկածողներ միշտ եղել են, սակայն պատվաստումներն, ամեն դեպքում, շատ կյանքեր են փրկում»:
Նախկին նախարարի ներկայացմամբ՝ պապիլոմա վիրուսը «ապրելով» մարդու օրգանիզմում, տարիներ հետո փոխակերպվում է քաղցկեղի, այս վիրուսի արդյունքում առաջացած արգանդի պարանոցի քաղցկեղի տարեկան 470 հազար դեպք է արձանագրվում աշխարհում, սրանցից 65-70%-ը մահվան ելքով են ավարտվում:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ցուցանիշներին, ապա մեր երկրում տարեկան միջինում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 250 առաջնային դեպք, որոնցից 60%-ը մահաբեր են:
Մկրտչյանը հիշեցրեց՝ որոշ հիվանդություններ վերացել են շնորհիվ պատվաստումների:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ