Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կատարած եւ չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս». Արամ Մանուկյանը՝ դատավորին

Նոյեմբեր 21,2017 14:52

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր 2» զինված խմբի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ առանց լիազորագրի դատարան ներկայացող դատախազներին բացարկի վերաբերյալ:

Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը պարզաբանեց, որ դատախազները եղել են ներգրավված մայր գործին եւ նրանց տրված լիազորագրի պատճենը ներկայացվել է դատարան:

Իսկ պաշտպանական կողմն առարկեց՝ նշելով, որ նրանց լիազորագիրը հունիսին է տրվել, բայց այս գործով դատավարությունը սկսվել է հոկտեմբերին, ապա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավորին` հիմնավորելով, որ նա չի կարող անաչառ դատավարություն անցկացնել, քանի որ կաշկանդված է մեղադրողների նկատմամբ:

Ամբաստանյալ Վարդան Գերավետյանն էլ հայտարարության արեց.

«Առաջին դատական նիստը չէ, որ մեղադրողները բավականին անփույթ են վերաբերվում իրենց պարտականություններին: Տարբեր դատավորների քննության ժամանակ նմանատիպ երեւույթներ եղել են, երբ դատախազներն առանց լիազորագրի են եկել, լքել են նիստերի դահլիճը: Նայելով զարգացումները, մենք տեսնում ենք, որ դատարանները դրսից ուղղորդվում են, որոշում են կայացնում, երբ նրանց հրահանգում են ինչ անել: Ինձ թվում է, որ դուք էլ ձեր խիղճը կազատեք, թող մեկ ուրիշը գա ձեր փոխարեն, ես տեսնում եմ, որ դուք այդպիսին չեք»:

Ամբաստանյալ Արամ Մանուկյանն էլ մեղադրանքներ առաջ քաշեց՝ ասելով, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում. «Ես ունեմ ստույգ ինֆորմացիա՝ ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ այս չորս նիստերում այս կապիկությունը տեսնելով, կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում եւ Դուք դատարան կոչվելու իրավունք չունեք: Մի բան եմ խնդրում` մի խայտառակեք մեր դատական համակարգը, մենք այստեղ ենք եւ մեր վրա զանազան հոդվածներ եք դրել այն դեպքում, երբ մենք ապստամբություն ենք արել, որովհետեւ դուք չեք կատարել այն, ինչ պետք է կատարեիք: Ձեր կատարած եւ չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս»:

Հիշեցնենք, որ այս գործով 11 ամբաստանյալ կա՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930