Քիչ առաջ Վանաձորի համայնքի ավագանին արտահերթ նիստով, ինչպես եւ նախատեսվում էր, քաղաքապետի առաջին տեղակալ նշանակեց «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին: Նիստին ներկա էին ՀՀԿ, ՀՅԴ ու ՀՎԿ խմբակցությունների 20 անդամներ:
Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը հայտարարեց, որ իրենք խմբակցության ներսում նիստ են գումարել, եւ բոլորով կողմ են Փելեշյանին այդ պաշտոնում նշանակալու հարցին. «Երեկ մեր խմբակցության նիստում քննարկվել է այս հարցը, եւ մենք մեր խմբակցությունում որոշել ենք կողմ քվեարկել պարոն Փելեշյանին առաջին տեղակալ նշանակելու հարցին: Քանի որ այդպես է պահանջում քաղաքի շահը եւ այդպես է նախատեսված մեր համագործակցության հուշագրով, եւ գտնում ենք, որ մեր քաղաքի կառավարումը կդառնա էլ ավելի արդյունավետ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀԿ եւ ՀՎԿ խմբակցությունների Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր կնքեցին: Հուշագրի կետերից մեկով էլ նախատեսվում էր Արկադի Փելեշյանին նշանակել քաղաքապետի առաջին տեղակալ:
Մինչ օրս նշված պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանը. «Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան՝ կապված պաշտոնների եւ չգիտեմ ինչերի հետ, ավելի փողոցային բառապաշար չեմ ուզում օգտագործել: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկին, որը մնում է մեր ընկերը՝ Արտյոմ Գրիգորյանին: Նա քաղաքական կուլտուրայի բարձր մակարդակ ցույց տվեց, եւ ոչ թե պաշտոնի ու աթոռի կռիվ տվեց, այլ մեծ սիրով ու հանդուրժողականությամբ, գնահատելով ներկա քաղաքական իրավիճակը, իր թիմակիցների եւ նաեւ մեր նոր գործընկերների հետ համագործակցության շրջանակներում զիջեց քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը»,- իր խոսքում նշեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ