Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցում կրքերը խաղաղվել են: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանը. «Նոյեմբերի 13-ին մտել եմ դպրոց, ստացել եմ կնիքը, փաստաթղթերը: Դրանից հետո սկսվել է ընդունման-հանձնման հանձնաժողովի գործունեությունը: Առաջին իսկ օրվանից որեւէ խոչընդոտ չի եղել, բնականոն գործունեության ընթացքը սկսվել կամ վերսկսվել է…Սա վերաբերում է այն ժամանակահատվածին, որին հնարավորություն եմ ունեցել մասնակցել»:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 16-ին Վերգինե Եսայանի և ՀՀ ԿԳՆ հանրակրթության ոլորտի պատասխանատուների մուտքը դպրոց խոչընդոտվել էր փոխտնօրենի և դպրոցի կոլեկտիվի որոշ անդամների կողմից: Իսկ ՀՀ ԿԳ նախարարությունը մտահոգություն էր հայտնել կատարվածի առնչությամբ` արձանագրելով, որ նման վարքագիծը հարիր չէ հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ