Նոյեմբերի 21-ին «Հոդված 3» ակումբում կայացավ հանրային քննարկում` «Տարկետման իրավունք, կրթության եւ գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով:
ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանի խոսքով, ռազմականն ու պաշտպանականը չպետք է խառնել իրար: Նա նշեց, որ չպետք է մոռանալ, որ պարտադիր զինվորական ծառայությունը ենթադրում է նաեւ կրթական բաղադրիչ: Գիտաշխատողի խոսքով, եթե շատերը խուսափում են բանակից, նշանակում է խնդիր կա: «Նոր օրենքով, մարդկանց ստիպում են վտանգավոր պայմաններում ավելի ծառայել, ու դա ձեռք է տալիս որոշ չինովնիկների»,-ասում է նա:
«Հանուն գիտության զարգացման» 2004թ.-ի նախաձեռնության անդամ Միքայել Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, նոր օրենքով կոռուպցիոն ռիսկն ընդամենը մի տիրույթից մեկ այլ տիրույթ է տեղափոխվում. «Աբսուրդ է, որ սոցիալական արդարության հարցի լուծումը սկսում են պարտադիր զինվորական ծառայությունից եւ ոչ թե մենաշնորհների վերացումից եւ ասենք՝ ընտրական գործընթացների ձեւախեղումներից: Այս օրենքն էլ օգտագործվելու է իրենց շահերի համար, իրենց երեխաներին բանակից ազատելու համար»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ դեռ ապրիլին, երբ շրջանառության մեջ դրվեց ազգ-բանակ գաղափարը, որը, նրա խոսքով, ոչ թե իշխանություններինն է, այլ Վարուժան Ավետիսյանինն ու Ժիրայր Սեֆիլյանինը, ինքը կարծիք հայտնեց, որ չի կարելի պետության որեւէ բաղադրիչը դարձնել դոմինանտ, եթե անգամ դա բանակն է: Խուրշուդյանը նաեւ գտնում է, որ գիտությունն էլ դոմինանտ դարձնելը էլիտարիզմի մի ուրիշ ձեւ է:
«Այո, պետք է բոլոր քաղաքացիները պատրաստված լինեն, իմանան, թե լայնածավալ պատերազմի դեպքում ով ինչ պետք է անի, իսկ այն, ինչ առաջարկում են իշխանությունները, միլիտարիզացիա չէ, մոնոտարիզացիա է: Իրենք ասում են` Պողոս, դու պատրաստվիր ինքնազոհողության, մենք քեզ բարձր կվճարենք… »,-տարակուսանք է հայտնում նա:
Հովսեփ Խուրշուդյանին մի բան էլ է մտահոգում. «Ո՞վ է որոշել, թե ում կյանքն է ավելի կարեւոր, մանավանդ այսօրվա ծառայության մեջ նաեւ զոհվելու վտանգ կա: Երբ դա ասում են այն մարդիկ, որոնք գիտնական չդարձած ասում են` մեզ ազատեք, մենք կդառնանք գիտնական, մեր կյանքն ավելի թանկ է, այ դա ես չեմ հասկանում»:
Նա անհեթեթ է համարում հետեւյալը. «Իշխանությունները 18 տարեկանին ասում են` թող չզոհվի, բայց երեք երեխա ունեցողը գնա զոհվի»:
Հովսեփ Խուրշուդյանը միաժամանակ պնդում է, որ բանակին պետք են մասնագիտություններ, պետք է ստեղծել ռազմագիտական կլաստերներ, քանի որ բանակում ծառայելը միայն խրամատում կանգնելը չէ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով. «Մի՞թե ռազմական գիտելիք ձեռք բերելը զորանոցային 2-3 տարվա ծառայությունն է, չէ՞ որ նման գիտելիքի ստացման այլ եղանակներ էլ կան: Այո, պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ընտրության հնարավորությունները քիչ են, բայց կան»:
Հրանուշ Խառատյանը կարծում է, որ մարդիկ խուսափում են բանակից, որովհետեւ բանակն իր ներսում չի կարգավորվում եւ իր մեջ կրում է արատավոր երեւույթներ, չնայած նախարարը այլ բան է հայտարարում: «Պաշտպանության նախարարությունը մինչեւ հիմա երբեք չի անդրադառնում երեխաներին կորցրած նախագահականի առաջ չորացող ծնողներին, այսքանից հետո ինչպես եք խոսում սոցիալական արդարության մասին…Մի բան պարզ է` բոլոր գեղեցիկ փաթեթավորված արտահայտությունների հետեւում մարդկանց թվի խնդիր կա… Ինչու չեն քննարկվում ռազմական գիտելիքի այլընտրանքային ձեւերը…Ինչու է պարտադրվում է մանվել գրիգորյանների չեղած արժանապատվությունը բանակում ներդնելու խնդիրը»,-հարցնում է Խառատյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ