Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում
«Ինչպես գիտեք, մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երևանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում:
Այսօր ես կրկին ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկեր և ընկեր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի: Այս տարի մենք նշում ենք մի շարք կարևոր, մեզ համար նշանակալից տարեթվեր: Ապրիլին լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, իսկ օգոստոսին մենք նշեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի 20-ամյակը:
Տարվա ընթացքում այդ հոբելյանական տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ փետրվար ամսին, երբ մենք պարոն Լավրովի հետ Մոսկվայում արխիվային փաստաթղթերի ցուցահանդես բացեցինք:
Այդ ժամանակ, իմ պաշտոնական այցի ընթացքում, մենք համաձայնեցրեցինք վերոհիշյալ տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումների անցկացումը: Ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են: Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» մասշտաբային պատմավավերագրական ցուցահանդեսը:
Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների գրեթե ամբողջ շրջանակը:
Մանրամասնորեն անդրադարձանք այս տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների երկկողմ ձևաչափով կայացած երեք հանդիպումների արդյունքներով ձեռք բերված բարձր քաղաքական պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մեր երկրների ղեկավարներն ընթացիկ տարում մի քանի անգամ հանդիպել են նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով կազմակերպված գագաթաժողովների շրջանակներում:
Մեր երկկողմ համագործակցությանը լրացուցիչ խթան են հաղորդել մեր երկրների խորհրդարանների և կառավարությունների ղեկավարների պաշտոնական փոխայցելությունները:
Իմ գործընկերոջ հետ գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը, երկկողմ առևտրաշրջանառության աճը, այդ գործընթացներում երկու երկրների տարածաշրջանների ավելի խորը ներգրավվումը:
Մենք հագեցած հումանիտար կապեր ունենք: Անցած տարի հաջողությամբ անցկացվեցին Ռուսաստանի օրերը Հայաստանում: Բառացիորեն օրերս մեր երկրների ղեկավարները Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցին Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի մեկնարկը:
Հանգամանալից քննարկեցինք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում մեր գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը:
Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնական է դաշնակից երկրների համար:
ԱԳՆ հաղորդագրություն