Հայաստանում քաղցկեղով տառապող հազարավոր հայեր այսօր կարող են ստանալ պալիատիվ բուժում՝ շնորհիվ նոյեմբերին կառավարության ընդունած նոր կարգավորման, Human Rights Watch-ի կայքում գրում է իրավապաշտպան կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան:
Հայաստանում ամեն տարի քաղցկեղից մահանում է մոտ 8000 մարդ, նրանցից շատերը՝ անտանելի ցավերով, որը պայմանավորված է ափիոնային ցավազրկող դեղերի ձեռքբերման շուրջ գրեթե անհաղթահարելի բյուրոկրատական քաշքշուկներով:
Երբ իմացա այդ փոփոխության մասին, չէի կարողանում դադարել մտածել այն տասնյակ մարդկանց մասին, ում հետ զրուցել էի մի քանի տարի առաջ Հայաստանում, ովքեր նկարագրում էին անհաղթահարելի ցավի կործանարար հետևանքները իրենց կամ իրենց սիրելիների վրա:
Նրանց թվում էր 46-ամյա Գայանեն, որն ինձ ասում էր. «Ցավերն անտանելի են: Ես լաց եմ լինում, գոռում, թվում է՝ ամբողջ ընթացքում քայլում եմ կրակի վրայով: Ես փորձում եմ դիմակայել ցավին, երբ տանը մարդ է լինում, բայց երբ մենակ եմ, միակ բանը, որ կարող եմ անել, լաց լինելն է: Ես անընդհատ ցավի մեջ եմ ապրում»:
Գայանեի դեպքը բացառիկ չէ, շարունակում է Գոգիան: 2015թ. հուլիսին Human Rights Watch-ը հրապարակեց զեկույց՝ ցույց տալով անհաղթահարելի ցավի հետևանքները և քաղցկեղով տառապողների ու նրանց ընտանիքների համար աջակցության ծառայությունների բացակայությունը: Ափիոնային դեղամիջոցներ կարող են դուրս գրել միայն ուռուցքաբանները, այն բանից հետո, երբ մի քանի բժիշկների կողմից ստորագրվել է այն դուրս գրելու որոշումը: Անգամ այդ դեպքում յուրաքանչյուր դեղատոմսի համար անհրաժեշտ է մի քանի ստորագրություն և կնիք:
Նոյեմբերի 9-ին կառավարությունը վերանայեց այս խրթին գործընթացը, որը գործում է 1994թ-ից: Այս տարի ավելի վաղ կառավարությունն ընդունել էր ազգային ռազմավարություն՝ ներկայացնելու պալիատիվ խնամքի ծառայություններ, որոնք կենտրոնանում են ցավը մեղմացնելու և կյանքի որակը կարգավորելու վրա:
Նոր կարգավորումը նաև հնարավորություն է տալիս ուռուցքաբանին կամ ընտանեկան բժշկին դուրս գրել ուժեղ դեղամիջոց՝ գլխավոր բժշկի կամ նրան փոխարինողի կողմից հաստատվելուց հետո:
Նոր կարգավորումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 20-ին: Ճիշտ կիրառվելու դեպքում այն կարող է օգնել մեղմացնել հիվանդների կամ նրանց մասին հոգ տանող ընտանիքի անդամների տառապանքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ