Պաշտոնական վիճակագրությունը պարզապես ամեն ինչ անում է՝ համոզելու համար, որ Հայաստանում թերսնվածությունը լուրջ խնդիր է։ Ըստ ԱՎԾ-ի նույն զեկույցի՝ օրական 2 100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է 62.9%։ Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են։
Ընդ որում, սա ոչ միայն լուրջ խնդիր է, այլև՝ տարեցտարի խորացող. 2012 թվականին օրական 2 100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը եղել է 52.9%, 2013 թվականին՝ 59.2%, 2014 թվականին՝ 60.2%, 2015 թվականին՝ 60.8%։
Մեկ այլ ուշագրավ ու մտահոգիչ տվյալ, բնակչության մասնաբաժինը, որոնց սննդակարգի 70 %-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին, 2016 թվականին եղել է 14.9%։ Ընդ որում, կան մարզեր, որտեղ միայն հացով և կարտոֆիլով սնվող մարդկանց կշիռը 20%-ից բարձր է (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ)։
Ի դեպ, երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2017 թվականի հունվար-սեպտեմբերին» զեկույցը։ Սպասվում էր, որ այդտեղ վերջապես պետք է հրապարակված լիներ 2016 թվականի աղքատության մակարդակը, սակայն վիճակագիրները դեռ չեն շտապում մեզ ծանոթացնել այդ թվի հետ։ Զեկույցում նշված է, որ աղքատության մակարդակի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն դեկտեմբերին։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում