«Նախորդ ժամանակաշրջանում մեր հարաբերությունները ձեռք բերեցին իրական դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության բնույթ»,-ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո այսօր Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հայտնեց՝ հայաստանցի գործընկերոջ հետ դիտակել են այն համաձայնագրերի ընթացքը, որոնք ձեռք էին բերվել ՀՀ եւ ՌԴ նախագահների նախորդ հանդիպումներում:
«Մենք արձանագրեցինք հաջող առաջընթաց՝ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների մասով: Մասնավորապես, այս տարվա առաջին ութ ամսում 1/3-ով աճել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը: Մենք ունենք մոտ երկու հազար համատեղ ձեռնարկություն, այդ թվում՝ «Գազպրոմը», ռուսական երկաթուղին, «ՎՏԲ» բանկը»,-նշեց Լավրովը:
Նա վստահեցրեց՝ Երեւանը ՌԴ-ի անկյունաքարային գործընկերներից է ԱՊՀ տարածքում. «Մենք դրական ենք գնահատում մեր աշխատանքները ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի կազմում, մինչդեռ, օրինակ, ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, ցավոք, վարակված են «ռուսատյացության վիրուսով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ