Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Բաքվում հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հետո մեկնել է Երևան, որտեղ օդանավից իջնելիս նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հետո, ինչպես և Ադրբեջանի մայրաքաղաքում, բանակցության մասնակիցները գովերգել են երկկողմ հարաբերությունները և խուսափել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հեռանկարների շուրջ հստակ ձևակերպումներից, «Կոմերսանտ»-ում գրում է Գալինա Դուդինան:
Սերգեյ Լավրովի համար Հայաստան և Ադրբեջան կատարվող այցերը սովորական ուղղություն է: Այս անգամ ծրագրի առաջին կետը դարձավ Բաքուն: Այնտեղ էլ կազմակերպվեց ավանդական հանդիպումը նախագահ Իլհամ Ալիևի հետ, և Ադրբեջանի մայրաքաղաք եկող հյուրերի համար ոչ պակաս ավանդական ծաղկեպսակ դնելու ավանդույթը անկախ Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի 5 մետրանոց հուշարձանին, ինչպես նաև Շեհիդների ծառուղու անմար կրակի հուշարձանի այցելությունը և Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների առաջ դասախոսությունը: Եվ վերջապես, բանակցություններ ԱԳՆ-ում գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:
Ելույթ ունենալով ուսանողների առաջ՝ Սերգեյ Լավրովը պատմել է՝ դիվանագիտության մեջ հաջողության հասնելու համար ինչ պետք է հիշել: «Որքան շատ գիտես, այնքան լավ. կարդացեք, ձեզ ապահովեք խորը բազմակողմանի էրուդիցիայով և պարտադիր փորձեք շփվել մարդկանց հետ ընկերական, դա օգնում է դիվանագետին լինել ուժեղ,- ասել է նախարարը:- Եվ պետք է փորձել լսել մարդուն, հասկանալ նրան, չզայրանալ, երբ կարծիքները տարբերվում են»:
«Փոխզիջումների հասնելը դիվանագիտության ամենակարևոր առանձնահատկությունն է: Երբեք չի կարող լինել երկու կողմ, որոնք ամեն ինչում համաձայն են իրար հետ»,- ասել է Լավրովը, որը Ռուսաստանի ԱԳՆ-ն ղեկավարում է արդեն ավելի քան 13 տարի:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, իր ադրբեջանցի գործընկերոջը «լսելու և հասկանալու» հարցում Լավրովը դժվարությունների չի հանդիպել: «Մեր հարաբերությունները գնալով նոր թափ են ստանում, ապրանքաշրջանառությունը՝ բազմամիլիարդանոց է, առաջ է եկել տրանսպորտային բաղադրիչ»,- Լավրովին ողջունել է Էլմար Մամեդյարովը: Սերգեյ Լավրովն էլ չի վիճել. «Մենք իսկապես շատ արժանի ենք նշելու դիվանագիտական հարաբերութունների 25 տարին՝ շարունակելով բարեկամության ավանդույթները»:
Բանակցություններին դրամատիզմի նոտա հաղորդեց միայն մեկ պահ, երբ Սերգեյ Լավրովը ԱԻՆ շքանշան հանձնեց 21-ամյա Սալամադդին Նագիևի հորը: Նագիևն Ադրբեջանի քաղաքացի է, որը 2013թ. կյանքի գնով Մերձմոսկվայում գետից դուրս է բերել 3 խեղդվող աղջիկների: Մյուս հարցերում բանակցություններն ընթացել են ընդունված սցենարով:
«Ադրբեջանը զարգացնում է բազմավեկտոր, հավասարակշիռ և պրագմատիկ արտաքին քաղաքականություն, ընդ որում Ռուսաստանի հետ հարաբերությունները հատուկ տեղ են զբաղեցնում»,- «Կոմերսանտին» ասել է Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը: Փորձագետի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր 4 առանցքային ուղղություններով: «Նախ, քաղաքական շփումները և համագործակցությունը անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում: Երկրորդ, տնտեսական բլոկը. այսօր Ռուսաստանը նավթային ոլորտում համար մեկ առևտրային գործընկերն է: Երրորդ, ռազմատեխնիկական համագործակցություն. Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելու հարցում առաջինն է: Վերջապես, չորրորդ, մարդասիրական համագործակցություն»,- ընդգծել է Ֆարհադ Մամեդովը:
Մյուս կողմից, արտաքին քաղաքականության առանցքային՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, միասնական դիրքորոշման նախկինի պես հասնել չի հաջողվում: «Բոլոր գաղափարները սեղանի վրա են. պարզապես պետք է դրանից հավաքել փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլորի համար»,- կարճ նշել է Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով հանդիպումը: Բաքվում բանակցությունների մանրամասները նա չի բացահայտել:
Ռուսաստանի պատվիրակությունում «Կոմերսանտ»-ի զրուցակցի խոսքով՝ ընդհանուր առմամբ և՛ Բաքվում, և՛ Երևանում համաձայն են, որ անհրաժեշտ է խաղաղապահներ մտցնել և Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջաններից 5-ը: Սակայն բանակցությունները հենվում են նրա վրա, թե երբ և ինչպես կսահմանվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, արդյոք կնախատեսվի որևէ ժամանակավոր կարգավիճակ այդ տարածքի համար և ինչ միջանցք կկապի Հայաստանը Ղարաբաղի հետ:
«Ամեն ինչ բանաձև ընտրության մեջ է. կամ «ամեն ինչ որոշում ենք հիմա» կամ «հիմա որոշում ենք այն, ինչ կարող ենք որոշել հիմա»: Սրանք երկու իրար հակասող մոտեցումներ են: Հայկական կողմը շեշտը դնում է օկուպացված Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման վրա հակամարտության կարգավորման առաջին փուլում: Մյուս կողմից, ադրբեջանական կողմը հակամարտության կարգավորման առաջին փուլում տեսնում է ԼՂ շուրջ տարածքների հանձնում, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացում: Իսկ կարգավիճակի հարցը ենթադրվում է թողնել ապագայի համար, քանի որ ներկայում կողմերի միջև վստահության բացակայության պայմաններում դա հնարավոր չէ լուծել»,- ասել է Մամեդովը:
Հայկական կողմի հակադարձ փաստարկները Սերգեյ Լավրովը կլսի արդեն երեքշաբթի՝ Երևանում իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: «Իրավիճակին տարբեր նայելու» խորհուրդը, որը նա երկուշաբթի տվեց ադրբեջանցի ուսանողներին, Սերգեյ Լավրովը կկիրառի գործնականում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ