Արցախյան հակամարտության լուծման բոլոր տարրերն առկա են եւ ամփոփված են համապատասխան փաստաթղթերում: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման սկզբունքներն ամրագրված են որպես համանախագահների առաջարկներ եւ մնում են բանակցային սեղանին՝ մեկ փաթեթի մեջ:
«Դժվար է վերցնել դրանցից մի քանիսը եւ ասել՝ եկեք դրանց շուրջ միայն համաձայնության հասնենք»,-նկատեց ՌԴ արտգործնախարարը:
Նա վերջերս Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպումը դրական է գնահատում, բայց ընդգծում է. «Կարեւոր է, որ այն օգնի կարգավորման հարցում: Համանախագահները զբաղվում են դրանով: Մենք կվերլուծենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մեր գործընկերների կարծիքները եւս եւ կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու համար: Մեծ լավատեսություն չեմ արտահայտի, խնդիրը բարդ է, բանակցություններն արագ չեն իրականանա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ