Հարցազրույց ՄԱՀՀԻ-ի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մարկոսյանի հետ
– Պարոն Մարկոսյան, Սերժ Սարգսյանի նպատակադրումը՝ 2040 թվականին 4 միլիոն բնակչություն, շատերը համարում են ֆանտաստիկայի ժանրից՝ նման արտագաղթի, սոցիալ-տնտեսական իրավիճակի, գնաճի պայմաններում։
– Ժողովրդագրությունն ի՞նչ է՝ վստահություն։ Մարդը եթե շատ երեխա է ունենում, դա գալիս է վստահությունից վաղվա օրվա նկատմամբ։ Եթե երկրում նման վստահություն չկա, ժողովրդագրական վիճակը չի կարող բարելավվել։ Մարդը պետք է տեսնի իր, սեփական երեխաների վաղվա ապագան։ Կարող է ինքը ցանկանում է 4 երեխա ունենալ։ Ու միայն ասելով չէ, պետք է մարդկանց խրախուսել։ Հա, ինչ-որ օրենք են ուզում ընդունել, որ 4 երեխա ունեցող ընտանիքն արդեն բազմազավակ է։ Բայց ի՞նչ առավելություններ պետք է լինեն, ի՞նչ միջոցներ են տրամադրելու՝ դրա մասին խոսք չկա։ Այսօրվա գնաճի պայմաններում իրենց տված 18 հազար դրամը… ծիծաղելի է։
Նայեք՝ Բելառուսում կար խրախուսման ձեւ. եթե ունենում էին երրորդ երեխան, հիպոթեքի 30 տոկոսը զեղչում էին, չորրորդը ծնվեց՝ 50 տոկոսը։ Այս ծրագիրը, որը շատ մեծ միջոցներ էր պահանջում, որոշ արդյունքներ գրանցեց։ Կամ՝ Ռուսաստանում ինչքան գումար է ծախսվում մայրական կապիտալի այդ վճարումների վրա։ Այսինքն՝ այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա. կարող են օգնել մայրական կապիտալի ձեւով, դրամական խրախուսման։ Տարբերակները շատ են։ Պետք է մայրերի պաշտպանության հստակ մեխանիզմներ դնեն, երբ երեխա ունենալուց հետո հստակ կարողանա հետ վերադառնալ։ Հստակ իմանա մայրը, որ վերադառնալու է նախկին աշխատատեղին՝ լինի պետական, թե մասնավոր։ Հիմա այս դայակների մասին օրենքի գաղափարը, ոչինչ, վատը չէ։ Ժողովրդագրությունը խնդիրների մի շարք է. երեխան մեծացավ, մանկապարտեզ գնաց, դպրոց… այնպես չէ, որ երեխան ծնվեց, փողը տվեցին եւ վերջ։
– ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ կգանք մի վիճակի, երբ Հայաստանում այլեւս չի լինի բնական աճ։
– Դա միայն Բագրատ Ասատրյանը չի ասում, այլեւ ՄԱԿ-ի կանխատեսումները, ըստ որոնց՝ 2025 թվականին այսպես շարունակվելու դեպքում կունենանք բացասական բնական աճ։ Նկատի ունեմ ծնելիության նվազումը։
Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում