Պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ կազմում։ ՌԴ ՊՆ-ի հեռուստատեսության եւ Լավրովի հայտարարությունների համադրումը ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը ուղղակիորեն սպառնում է Հայաստանին՝ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն այնպիսին, ինչպիսին Ուկրաինայի դեպքում՝ մասնավորապես՝ տարածքային կորուստներ։
Քառօրյա պատերազմի մասին խոսելիս շատերն էին կարծիք հայտնում, որ դա մտնում էր Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ դարձնելու սցենարի մեջ։ Ըստ այդ սցենարի, Բաքուն պետք է Ռուսաստանի հետ համաձայնեցված ձեւով գրավեր Ղարաբաղի ազատագրված տարածքները եւ էլի այլ տարածքներ, ապա հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանը պիտի զորք մտցներ Ղարաբաղ, ապա գրավյալ տարածքները ետ վերցրած Ադրբեջանին պիտի դարձներ ԵԱՏՄ անդամ։ Վերը նշված կոմբինացիան ունի հատուկ իմաստ․ խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի ԵԱՏՄ անդամ դառնալ, եթե Ռուսաստանը նրան չօգնի գրավել ազատագրված տարածքները, իսկ Հայաստանը երբեք չի համաձայնի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը, եթե նրա ողնաշարը ջարդված չլինի (հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով)։ Քառօրյա պատերազմն, ահա, պետք է գոհացներ Ադրբեջանին եւ ջարդեր Հայաստանի ողնաշարը, ինչը, բարեբախտաբար, չստացվեց։
Հիմա ռուսները փաստորեն հիշեցնում են, որ այդ սցենարը շարունակում է գոյություն ունենալ․ Ուկրաինայի մասին նախազգուշացումը եւ Լավրովի հայտարարությունը այլ բան չեն կարող նշանակել։ Հետաքրքիրն այն է, որ նոյեմբերի 14,15-ին Սերժ Սարգսյանը այցով գտնվում էր Մոսկվայում։ Նա հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փորձագետների կարծիքով այցը պետք է կապված լիներ Բրյուսելում ստորագրվող փաստաթղթի հետ, եւ Սերժ Սարգսյանը պետք է հասկանար՝ ՌԴ նախագահը ի՞նչ վերաբերմունք ունի ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը։ Դժվար է ասել, թե ի՞նչ է ասել Պուտինը Սարգսյանին։ Բայց նոր սեպտեմբերի 3 առայժմ տեղի չի ունեցել, այսինքն՝ Հայաստանը չի հայտարարել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու մասին։ Բայց հիմա, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մեկնարկից երեք օր առաջ՝ ԵՄ-ՀՀ համաձայնագրի նախատեսվող ստորագրման շուրջ լարվածությունն աճում է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում