Այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ՀՎԿ Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվելու է Վանաձորի փոխքաղաքապետ։ Փելեշյանը Վանաձորում հայտնի գողական է, եւ արդեն մի քանի օր է՝ վանաձորցիները կատակներ են անում, թե քաղաքապետի գործուղումների ժամանակ հանրապետության երրորդ քաղաքը մնալու է գողականի հույսին։ Այս առթիվ զրուցեցինք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։
– Արդեն մի քանի օր է՝ բոլորը քննարկում են, որ Ձեր առաջին տեղակալը գողական է, Դուք այդ փաստից չե՞ք նեղվում։
– Գիտե՞ք ինչ կա, Արկադի Փելեշյանը գողական չի, Արկադի Փելեշյանը
ՀՎԿ ցուցակը գլխավորող էն թեկնածուն ա, որը որ Վանաձոր քաղաքում մոտ 6 հազար ձայն ա ստացել, հետեւաբար՝ ժողովրդի քվեն ստացած մարդու մասին նման որակումներ անելը տեղին չէ։
– Դուք վստահ եք, որ ինքը գողակա՞ն չէ։
– Ես վստահ եմ, որ ինքը նորմալ հայ տղամարդ է, ախր, ի՞նչ է նշանակում գողական… ես եթե հիմա երաժիշտների հետ առնչվում եմ, ուրեմն երաժիշտ եմ դառնում։ Ինքն էդ կյանքով չի ապրում, ինքը 15 տարեկանից անհայր է մեծացել, գործարար է, իր բիզնեսով է զբաղվում, եւ ես չի, որ մարդկային որակների առումով պիտի որոշիչ լինեմ։ Վանաձորի մի ստվար հատված իր ձայնը տվել է Փելեշյանի գլխավորած ցուցակին, եւ չի կարելի էդ մարդու հետ նման կերպ խոսել։
– Մի խոսքով՝ արդարացված չեն վանաձորցիների մտահոգությունները, որ Ձեր գործուղումների ժամանակ քաղաքը գողականի ղեկավարմանը կհանձնվի։
– Արկադի Փելեշյանը թասիբով վանաձորցի է, մտավախություն չկա, մեր միջեւ ընկերական եւ մարդկային նորմալ հարաբերություններ կան, մենք մի բակում ենք մեծացել, նման խնդիր չի կարող առաջ գալ իմ բացակայության հետ կապված։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում