Լավրովը Բաքվում արել է մի շատ հատկանշական և էական հայտարարություն՝ ասելով, որ Ռուսաստանը կարգավորման հարցում համակարծիք է Վաշինգտոնի և Փարիզի հետ: Սա գործնականում նշանակում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին հայտնում է, այսպես ասած, ավելորդ հույսեր չտածելու մասին: Դրա մասին ավելի վաղ, այսինքն՝ օրեր առաջ Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Թուրքիայի նախագահը՝ իր երկիր վերադառնալով լրագրողներին ասելով, որ Պուտինի առաջ բարձրացրել է 5 շրջանների «վերադարձի» հարցը, սակայն ՌԴ նախագահը համաձայն լինելով այդ տարբերակին, այնուհանդերձ, հույս չի հայտնել, որ դա հնարավոր է: Պուտինը, փաստորեն, Էրդողանին հույս չի տվել, Լավրովն էլ Բաքվում կոտրել է Ալիևի հույսերը՝ հայտարարելով, որ համակարծիք է Վաշինգտոնի և Փարիզի հետ:
Բանն այն է, որ դա ամենևին հերթապահ հայտարարություն չէ, եթե նկատի առնենք այն, որ Ալիևը արդեն տևական ժամանակ գրեթե բացահայտորեն քննադատում է Վաշինգտոնին և Փարիզին հայամետ դիրքորոշում ունենալու, Ադրբեջանի «արդարացի» պահանջները, տարածքային ամբողջականության խնդիրները մերժելու համար: Ալիևն այդ ամենը հայտարարել է չափազանց հաճախ և չափազանց բաց ու թափանցիկ, ուղիղ տեքստերով, և եթե այդ պայմաններում Լավրովը Բաքվում հայտարարում է Վաշինգտոնի և Փարիզի հետ համակարծիք լինելու մասին, մեկնաբանությունները դառնում են ավելորդ:
Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ նա հայտարարելու էր Վաշինգտոնի և Փարիզի հետ համակարծիք չլինելու մասին: Բանն այն է, որ Լավրովը պարզապես կարող էր չխոսել այդ մասին, այն էլ՝ Բաքվում: Բայց նա խոսել է, և դրանով, իհարկե, շատ բան է ասված: Մյուս կողմից, անշուշտ, այստեղ առանձնապես սենսացիա չկա, եթե դատենք զուտ գործընթացի տրամաբանությունից ելնելով: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմում ապացուցվել է Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության հանցավոր բնույթը:
Այժմ Ռուսաստանն, այսպես ասած, անցնում է «ռեաբիլիտացիոն փուլ»: Որքան կտևի այդ փուլը, շատ դժվար է ասել: Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ այդ փուլը լոկ ապացուցված հանցանքի գործոնով չէ, որ պայմանավորված է: Ավելի շուտ այդ փուլի մեկնարկը տրված է դրանով, բայց ընթացքը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, որոնք ներկայումս բազմազան են և Ռուսաստանին ստիպում են վերանայել իր քաղաքականությունը Կովկասում, մասնավորապես Հայաստանի հարցում: Այդ առումով Մոսկվայի գործողություններում, իհարկե, անմիջական վերանայումներ չեն նշմարվում, այսինքն՝ այստեղ այդ առումով հստակ նկատելի է, որ ուղղակի չկան այլընտրանքային մոտեցումներ և նույնիսկ պատկերացումներ, և Հայաստանին շարունակում են դիտել ոչ թե որպես գործընկեր և առավել ևս հավասարազոր դաշնակից, այլ լավագույն դեպքում որպես ֆորպոստ, եթե ոչ որպես վասալ:
Ներկայումս ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը չի անում քայլեր իրերի այդ դրությունը փոխելու ուղղությամբ՝ երևի թե ապավինելով այն բանին, որ Ռուսաստանի, այսպես ասած, հին քաղաքականության մնացորդները փլվեն իրենք իրենց: Սակայն այն, որ Մոսկվան փոխում է իր վերաբերմունքը Ադրբեջանի հարցում, արդեն իսկ հնարավոր է գնահատել չարյաց փոքրագույնը:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում