Հաշված օրեր են մնացել մինչեւ ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը: Չնայած նրան, որ մի շարք ոչ անկարեւոր հարցեր դեռ մնում են հարցականի ներքո, նույնիսկ ստորագրումն ինքը, ընդհանուր առմամբ միտումը կարելի է համարել ձեւավորված. Հայաստանը եւ ԵՄ-ն ստորագրելու են նոր համաձայնագիր, որը նոր մակարդակի վրա է բարձրացնում հարաբերությունները եւ նոր լիցք հաղորդում Հայաստանի Հանրապետության եւ մեր տարածաշրջանի՝ պատմականորեն կանխորոշված եվրաինտեգրման գործընթացին:
Դրան զուգահեռ, Արեւելյան գործընկերության տարածքում գործընթացները ձեւավորել են բավականին ուշագրավ համայնապատկեր, որն արտացոլում է ավելի գլոբալ բնույթի գործընթացների ուժային վեկտորների հաշվեկշիռը:
Ռուսաստանի կայսերապաշտական շահերի գլխավոր «փրովայդեր» եւ տարածաշրջանային «սփոյլեր» Ադրբեջանի կողմից գործադրվող ջանքերը՝ տեղավորվել գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ, իսկ ավելի ճիշտ՝ այդ տրամաբանությունը բեկել սեփական շահերի պրիզմայով, արգելափակված են եվրոպական եւ ամերիկյան դիվանագիտության կողմից: Միջազգային հարթակներում ձեւավորվել է կոնսենսուս. հետխորհրդային կոնֆլիկտները՝ մի կողմ, իսկ Ղարաբաղյան հարցը՝ մյուս կողմ, եւ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը եթե ընդունված է որպես իմպերատիվ հիմք նրանց տարածքում առկա հակամարտությունների կարգավորման գործում, ոչ մի կապ չունեն Ադրբեջանի՝ Բաքվի խմբագրմամբ «տարածքային ամբողջականության» հետ: Եվ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ուղերձը մեկն է. բոլոր հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում, դիվանագիտական լուսանցքում թողնելով թե՛ Էրդողանի ողբն ու անեծքը, թե՛ Լավրովին՝ իր աննորմալ պլաններով:
Սակայն, դրան զուգահեռ, Հայաստանի շուրջ ձեւավորված երեք եւ ըստ էության՝ հակաարեւմտյան եռանկյունները կարող են էապես խոչընդոտել Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների խորացումն Արեւմուտքի հետ, ինչը բխում է նախեւառաջ Երեւանի եւ Թբիլիսիի անվտանգության շահերից: Եվ Արեւմուտքի շարունակական պասիվության պայմաններում Հայաստանի եւ Վրաստանի զարգացման հնարավորությունները մեծ հաշվով մնում են խնդրահարույց, մինչդեռ այսպիսի առկախված իրավիճակը մանիպուլյացիաների լայն հնարավորություններ է թողնում Ռուսաստանին, որի գլխավոր ռազմավարական գործընկերը տարածաշրջանային խաղի մեջ, ինչպես նաեւ այդ խաղի «Գրան պրի»-ն, եղել եւ մնում է Բաքուն: Դրա հետ մեկտեղ, ձեւավորված՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունը, որքան էլ որ կոչված է լուծելու կոնկրետ խնդիրներ տարածաշրջանային բալանսի ապահովման հարթության վրա Սիրիայում, առա՛յժմ Սիրիայում, ԱՄՆ-Իրան շարունակվող հակասությունների պարագայում կարող է լուրջ խթան հանդիսանալ, որպեսզի այդ եռակողմ մարտավարական համաձայնությունները սկսեն տարածվել նաեւ Սիրիայից դուրս, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, որտեղ «փլեյմեյքերը» մնում է Մոսկվան:
Այստեղ լավատեսության հիմքերը, մեղմ ասած, շատ չեն: Եվրոպական վերնախավում այդքան էլ հակված չեն հակադրվելու ռուսական կայսերապաշտությանը: Ավելին, մամուլից տեղեկանում ենք, որ «Հյուսիսային Հոսք-2» կառուցվելիք գազատարի գլխավոր լոբբիստներից մեկը Բունդեսթագի փոխխոսնակն է, որը հավակնում է Գերմանիայի նոր կառավարությունում ստանձնել ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ Ֆրանսիայի նախագահը կոչ է անում «չմեկուսացնել Թրամփին եւ Պուտինին», եւ այդպես շարունակ: Եվ «Բրեքզիթի» բեռի տակից դուրս չեկած Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վճռական կեցվածքը հազիվ թե հավասարակշռի ներկայիս եվրոպական քաղաքականության գլխավոր մղումները:
Իսկ Մոսկվան, կարծես, վաղուց է վերջնականապես կողմնորոշվել, թե ինչպիսի Հայաստան է նրան պետք, եւ քայլ առ քայլ փորձում է իր տեսլականը փաթաթել Հայաստանի պարանոցին՝ միջոցների մեջ խտրականություն չդնելով. Մոսկվային պետք է մշտապես վտանգված, դատարկվող, իր նման կրիմինալ-օլիգարխիկ, միայն իրենից կախված եւ իր կողմից սահմանափակված ինքնիշխանությամբ Հայաստան, որտեղ իշխանությունը պետք է հուսալիորեն վարի բացառապես ռուսական շահերը սպասարկող քաղաքականություն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում իշխանությունը ձեւավորվի միջնադարյան Մոնղոլական հորդայի մեթոդաբանությամբ՝ գլխավոր խանի «յառլիկի» ուժով, գլխավոր խանի նկատմամբ լիակատար լոյալության երաշխիքներով: Եվ նույնիսկ այսօրվա հայկական իշխանության համար հազիվ թե սա լինի ցանկալի տարբերակ, իսկ հասարակության համար՝ երեւի չարժե անդրադառնալ: Այս տրամադրությունները Հայաստանում դժվար է չնկատել, եւ ռուս «վերլուծաբանների» կամ ռուսական «լիբերալ» մամուլի փնթի դժգոհությունը եւ նվնվոցն այնքան էլ անհիմն չեն, եւ սխալ կլինի դա բացատրել միայն «չուզողությամբ»:
Ռուսների հայկական «դարդն» էլ, նվնվոցն էլ, մեզ վրա նախկինում կրակած փամփուշտների դատարկ պարկուճների զնգզնգոցն էլ թողնենք ռուսներին, այստեղ կարեւոր է, թե մե՛նք ինչ ենք ուզում եւ ինչ անենք այս սեղմօղակից դուրս գալու համար:
Երեւանի հնարավորություններն այս իրավիճակում, մեղմ ասած, շատ մեծ չեն, դժվար է խոսել հակակշռելու մասին, սակայն միանգամայն հնարավոր է հարաբերությունների բազմազանեցումը՝ դիվերսիֆիկացիան, կենտրոնացնելով ուշադրությունը ոչ միայն դեպի Արեւմուտք՝ Եվրոպա եւ ԱՄՆ, այլեւ Հարավ: Փաստն այն է, որ պաշտոնական Երեւանը մի քանի կարեւոր քայլեր արդեն իսկ ձեռնարկել է այդ ուղղությամբ: Հայկական դիվանագիտությունը կարողացավ հավասարակշռված դիրքորոշում պահել Կատարի շուրջ առաջացած ճգնաժամի, Իրաքյան Քրդստանի շուրջ ծավալված դրամայի ժամանակ՝ պահպանելով բարեկամական հարաբերությունները հակամարտող կողմերի հետ եւ ներդաշնակեցնելով մոտեցումները Թեհրանի հետ:
Բացի դրանից, ԱԳ նախարար Նալբանդյանի այցն Իսրայել, որի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ վարչապետ Նեթանյահուի եւ առանցքային այլ պաշտոնյաների հետ, այցելություն Երուսաղեմի՝ Հոլոքոսթի զոհերի Յադ-Վաշեմ հուշահամալիր-թանգարան, նոր էջ է բացում Հայաստան-Իսրայել հարաբերություններում: Եվ այստեղ չափազանց կարեւոր է շարունակական աշխատանքը ցույց տալու եւ բացատրելու ուղղությամբ, որ Երեւանը Հայաստան-Իրան ռազմավարական նշանակության հարաբերությունները չի դիտարկում որպես ուղղված ընդդեմ Իսրայելի, ինչպես նաեւ՝ որ Հայաստան-Իսրայել հարաբերությունները ուղղված չեն եւ չեն էլ կարող ուղղված լինել ընդդեմ Թեհրանի: Սրա հետ մեկտեղ՝ խորացող հարաբերությունները Հնդկաստանի հետ, որոնք կարող են նոր որակ ձեռք բերել հատկապես ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի՝ Նյու-Դելի կատարած այցից հետո, երբ առաջին անգամ խոսվեց ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական դաշինքի մասին:
Սակայն այս ամենը կարող է արժեք եւ որակ ձեռք բերել, երբ լցվի տնտեսական բովանդակությամբ, ինչը Հայաստանի քաղաքական-տնտեսական համակարգի ներկայիս բարքերի եւ չգրված կանոնների պայմաններում անլուծելի խնդիր է: Ուստի Հայաստանի արտաքին հաջողությունների բանալին Հայաստանի ներսում է, եւ Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը կարող է էապես ամրություն հաղորդել Հայաստանի պետականությանը: Եվ ամենակարեւորը՝ սա ոչ միայն եւ ոչ այնքան իշխանության պայմանագիրն է, այլ մե՛ր՝ Հայաստանի քաղաքացիներիս պայմանագիրը:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
21.11.2017