Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական գաղափարախոսություն չպիտի լինի

Նոյեմբեր 21,2017 10:02

Ռուսաստանյան «Զվեզդա» պետական հեռուստաալիքի մեկնաբանը օրերս անդրադարձել է Հայաստանում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշին, կարծիք հայտնելով, որ այն հիշեցնում է Երրորդ Ռայխի զինանշանը: Այնուհետեւ տիկինը կրկնել է Ռուսաստանում վերջերս բավականին հաճախ հնչող պնդումը, թե Գարեգին Նժդեհը (որը ՀՀԿ-ի համար մոտավորապես նույնն է, ինչ Լենինը՝ կոմունիստների համար) իրականում ֆաշիստ էր:

Ինչ մնում է արծիվներին, ապա դրանք կան մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խորհրդանիշներում, այդ թվում՝ Ռուսաստանի զինանշանում: Ինչ մնում է Նժդեհին, ապա պետք է հստակեցնել, թե ինչ նկատի ունեն՝ նրան «ֆաշիստ» անվանելով:

Չգիտեմ, թե որքանով է մեկնաբան տիկինն արտահայտում պաշտոնական տեսակետը: Դատելով նրանից, որ նրա «վերլուծությունը» «Զվեզդան» իր կայքից, որքան հասկանում եմ, ջնջել է՝ ոչ այնքան: Չնայած տեսագրությունը համացանցում, իհարկե, պահպանվել է: Դա այնքան էլ կարեւոր չէ՝ այլ երկրի մեկնաբանը պաշտոնական, կիսապաշտոնական կամ անպաշտոն կարծիք է հայտնել, որը կարելի է ընդունել ի գիտություն, բայց շարժվել սեփական օրակարգով՝ այդ թվում ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու հարցում:

Ինձ համար, ինչպես եւ, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար, Գարեգին Նժդեհը ազգային հերոս է, ազատագրական պայքարի նվիրյալ, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները չեն կարողացել տիրանալ Սյունիքին: Նժդեհի քաղաքական հայացքները, ասույթները, հոդվածները, իմ տպավորությամբ, կուռ համակարգային միասնություն չեն կազմում եւ հետաքրքրություն են ներկայացնում միայն պատմաբանների համար: «Նժդեհականությունը» սարքել մարքսիզմ-լենինիզմի նման մի բան, ժամանակավրեպ եւ անիմաստ գործ է:

Ընդունելով հերոսին, նրա սխրանքները՝ բացարձակապես պարտադիր չէ ընդունել նրա խառը, հակասական մտքերը, առավել եւս՝ դարձնել դա գաղափարախոսություն: Ոչ մեկը, ենթադրում եմ, չի կասկածում, որ Չարենցը հանճարեղ բանաստեղծ է, եւ դրան ամենեւին չեն խանգարում նրա բոլշեւիկյան հայացքները: Չի կարող այսօր լինել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ, առավել եւս, «իշխող» գաղափարախոսություն:

…Եվ վերջապես, ՀՀԿ անդամների 90 տոկոսին Նժդեհը բացարձակապես չի հետաքրքրում: Նրանցից շատերը եղել են, իսկ մեծամասնությունը պատրաստ է լինել ցանկացած այլ կուսակցության անդամ՝ միայն թե կարողանան տեր կանգնել իրենց փողին եւ պաշտոնին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Այս ամենը հիշեցնում է սովետական մտավորականի դողերոցքը՝ ՞Ես կարծիք ունեմ, բայց համաձայն չեմ այդ կարծիքի հետ՞ հակիրճ սահմանմամբ: Մենք գաղափարախոսություն ունենք, բայց ավելի լավ է չունենանք: Իսկ գաղափար ունենալուց ե՞րբ պետք է հրաժարվեք: Վերջիվերջո ուր են ՀՀԿ գաղափարախոսները, ինչու նրանք չեն պատասխանում: Թուրքալեզու հույների ժառանգներն են գաղափարախոս, թե՞ ԱշոԾյանը: Բավականին միջակ լրագրող Վենեդիկտովը ՞Էխո Մոսկվի՞ ռադիոկայանից Մարինա Զախարովային (ով առաջինը բարձրացրեց Նժդեհի ֆաշիստ լինելու հարցը) Մշուլյա էր անվանում՝ ընդգծելով, որ նա ընդամենը կալինկա պարող է: Վախն էլ հոտ ունի՝ արդեն համատարած է:

  2. Artur Lazarian says:

    Մեծ հաճոյքով նայեցի: Ափսոս՝ կարճ էր:

    Հաղորդավարուհու թունոտ հայեացքը, անթաքոյց հեգնանքը առ Հայաստան ամէն ինչ արժէր 🙂

    Յ.Գ. Բայց ամենակարեւորը, թէ ինչպէս գտայ տեսանիւթը: Մի երկու տարբերակ փորձեցի Յութիւբում, չստացուեց, յետոյ մտայ ադրբեջանական կայքերը եւ իհարկէ՜ տեսանիւթի յղումը կար 🙂

  3. Karen says:

    Նախ, գերմանական նացիզմը ՛՛ֆաշիզմ՛՛ որակելուց արդեն ակնհայտ է որևէ մեկի անձեռնհաս և գործից հեռու լինելը: Ողջ աշխարհը հիտլերյան նացիոնալ-սոցիալիզմը որակում է ՛՛նացիզմ՛՛, բացառությամբ նախկին ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի և որոշ նախկին ԽՍՀՄ երկրների: Ֆաշիզմը Իտալիայում էր, Մուսոլինիի շարժման գաղափարախոսությունն էր, որևէ գերմանացու համար անհասկանալի է, երբ նույն կերպ պիտակում են իրենց մոտ առաջացած երևույթը:
    Իսկ «Զվեզդան» շարունակում է նախկին ավանդույթները, շատ հեռու չեն գնացել: Էժան պատվերները էժան ձևերով էլ արվում են:
    Եվ հայերին բացարձակ արդարանալու կարիք չկա: Թող արդարանալ փորձեն մեղավորները:

  4. Լավատես says:

    Կարծում եմ մի գդալ սուտը մի տակառ ճշտին խառնելով ու հրամցնելով հակառակորդին՝ դրանից առավել արդյունավետ փափուկ ուժ չկա, վատն այն է, գիտակցված թե անգիտակից, սեփական ժողովրդին ու պետությանն են հակառակորդ դարձնում, որը կբերի սեփական պետականության փլուզմանը: Դրանից կօգտվեն ամեն տեսակ այլասերված քոչվոր խամաճիկներ, որոնք բնիկ ազգերին ու այդ ազգերի հայրենիքը որպես իրենց ոչխարների հոտն ու արոտավայրն են ընկալում: Իրենք դարերով ունեն իրենց հստակ վերաբերմունքը բնիկների հանդեպ, բնիկներն էլ վերջապես պետք է դարավոր թմբիրից դուրս գան ու իրենց հստակ վերաբերմունքը ձեւավորեն այդ այլասերված քոչվորների նկատմամբ, բնական քոչվորները, որոնք եղջերուների հետեւից են գնում, նրանցից վնաս չկա, վնասը այլասերված քոչվորներն են, որոնք մարդուն են եղջերուի տեղ օգտագործում: Մենք չպետք է արհամարհենք ու լուռ մնանք դրանց ստի առաջ, մենք պետք է ճիշտը տարածենք բոլոր բնիկ ազգերի մեջ ու խարազանենք այլասերված քոչվորի սուտը եւ ստիպենք մարդուն հանգիստ թողնեն ու վերադառնան իրենց բնական վիճակին՝ եղջերուներին, ուղտերին ու ոչխարներին:

  5. henri says:

    Ես ալ լիուլի համաձան եմ որ ամենաճիշդը վերջին պարբերութիւնն է ;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930