«Արմեն Ամիրյանից՝ սիրով». մշակույթի նախարարի մակագրությամբ հատուկ արկղում տեղավորվեցին Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելը», Կոստան Զարյանի «Նաւը լերան վրայ» և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքերը։
Բարեգործական գրքահավաքը կշարունակվի նաև առաջիկա օրերին։ Այսօր 2 ժամում 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին։ Հայտնի արվեստագետները, պաշտոնյաները և այլք մակագրում էին իրենց սիրելի գիրքը՝ դպրոցի գրադարանի համար։
Իսկ այդպես էլ ներկայանալ չկամեցած անծանոթը «Մուտքը՝ գրքով» կարգախոսին մասամբ հետևեց. գրքերով եկավ, բայց ներս չմտավ։ Երկու արկղ և երկու տոպրակ գիրքը նա թողեց «Միրզոյան» գրադարանի ներքևի մուտքի մոտ։
Սա Գրքի երևանյան փառատոնի առայժմ ոչ պաշտոնական մեկնարկն էր։ Նոյեմբերի 24-ին պաշտոնապես կբացվի Գրքի երևանյան եռօրյա փառատոնը ( Yerevan Book Fest).
« Այդ փառատոնով մենք մի փոքր այլ ձևով ենք շարունակում պետության աջակցությամբ հայ ժամանակակից գրականության հրատարակումը։ Ավելի վաղ հայտարարել էինք, որ դա անելու ենք հեռուստատեսային հաղորդման ձևաչափով, բայց գրողներից շատերը մտավախություն հայտնեցին, թե այդկերպ իրենց ստեղծագործությունների արժանիքները գուցե ճիշտ չներկայացվեն, իսկ փառատոնի գաղափարը նրանց համար ընդունելի է», – ասաց Արմեն Ամիրյանը։
Հաղթողներին կորոշեն մասնագիտական ժյուրիի ձայների՝ 60 և հանրության ներկայացուցիչների ձայների 40 տոկոսով։ Մրցանակային գումարները կփոխանցվեն հեղինակների ընտրած հրատարակիչներին, իսկ նրանք կպարտավորվեն առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի տվյալ գիրքը։
ՀՀ Մշակույթի նախարարություն