Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» նոր պայմանագրի ստորագրման նախաշեմին՝ ՌԴ Պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժին, որտեղ Հայաստանի իշխող շրջանակները մեղադրվել էին ֆաշիզմի մեջ, նաեւ զուգահեռներ էր անցկացվել Ուկրաինայի հետ, քաղաքագետ Գարիկ Քեռյանն ասաց. «Ես դա կապում եմ ռուսական քաղաքական որոշ շրջանակների դիրքորոշման հետ, որոնք սխալ են համարում Հայաստանի կողմից համաձայնագրի ստորագրումը:
Իմ համոզմամբ, ռուսական քաղաքական էլիտան եւս միասնական եւ միանշանակ վերաբերմունք չունի Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Կան շրջանակներ, որոնք մեղմ ասած, խանդով են դա ընդունել, նշված ռեպորտաժն էլ դրա արդյունքն է»:
Միեւնույն ժամանակ քաղաքագետն ընդգծեց. «Չեմ կարծում թե ռեպորտաժին պետք է մեծ տեղ տալ, բոլոր արտաքին քաղաքական գործողությունները, նախաձեռնությունը, առավել ես նման կարեւոր փաստաթղթի ստորագրումը դժվար թե Հայաստանը արած լիներ առանց ՌԴ ղեկավարության հետ որոշակի կոնսուլտացիաների»:
Քեռյանի ձեւակերպմամբ, «Զվեզդայի» հաղորդումը սադրանք չի կարող լինել. «Դա ընդամենը որոշակի շրջանակների դիրքորոշումն է»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ