Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառիկ ու ցնցող դեպք». դատարանն Aravot.am-ին արգելեց ձայնագրել Թերեզա Սարգսյանի գործով նիստը

Նոյեմբեր 20,2017 19:55

Արաբկիր եւ Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրագրող Թերեզա Սարգսյանի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը (լուսանկարում) ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի («Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված բժիշկը, որը վերջերս կյանքից հեռացավ) նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

Նիստի ընթացքում, երբ պետք է հրապարակվեին Թերեզա Սարգսյանի նախաքննական ցուցմունքները (նա հրաժարվեց ցուցմունք տալուց եւ պնդեց նախաքննական ցուցմունքները), դատարանի կարգադրիչն Aravot.am-ի խնդրանքով հեռախոսը տեղադրեց ամբիոնին՝ դրա միջոցով ձայնագրելու նպատակով: Ամբաստանյալ Թերեզա Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ալվարդ Դաբաղյանը, սակայն միջնորդեց ձայնագրումն արգելել:

Դատավոր Աննա Մաթեւոսյանն Aravot.am-ին ասաց. «Դատարանը խնդիր չի տեսնում, սակայն հաշվի առնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, խնդրում եմ ձեզ չձայնագրել նիստը: Լուսաբանել որեւէ մեկը Ձեզ չի արգելում»:

Պաշտպանն իր դիրքորոշումը պատճառաբանեց այն փաստով, որ մինչեւ նիստի մեկնարկը տարաձայնություն է եղել իր պաշտպանյալի եւ Aravot.am-ի լրագրողի միջեւ (պաշտպանի բացատրությունն ամբողջությամբ չենք ներկայացնում, քանի որ ձայնագրելը նրա իսկ միջնորդությամբ արգելվեց):

Բանն այն է, որ Թերեզա Սարգսյանն Aravot.am-ի մեկ այլ լրագրողի՝ Արփինե Սիմոնյանի հրապարակած հոդվածի առնչությամբ նիստից առաջ կարծիք հայտնեց, որ վերջինս կողմնակալ է լուսաբանել: Այստեղ նկատենք, որ Արփինե Սիմոնյանն ընդամենն արձանագրել է Էդուարդ Գրիգորյանի՝ դատարանում տված ցուցմունքում ասվածը, այսինքն՝ այն, ինչ ասել էր Գրիգորյանը, եւ լրագրողի կողմից գնահատականներ, բնականաբար, չեն հնչել եւ չէին կարող հնչել (ըստ Aravot-ի էթիկայի վարքականոնի):

Aravot.am-ն այսօր, թեեւ չէր հանդիսանում դատավարության կողմ, սակայն լսելով դատավորի որոշումը՝ վերջինիս թույլտվությամբ պարզաբանեց. «Հասկանալի է, որ ձայնագրելը բխում է օբյեկտիվ լուսաբանման սկզբունքներից, իսկ պաշտպանական կողմին թույլ տվեք հիշեցնել, որ ես, որպես լրագրող, կարող եմ համապատասխան ընթացակարգով դիմել դատարանին եւ ստանալ նիստի ձայնագրությունը: Բացի այդ, Թերեզա Սարգսյանն ինձ առաջին անգամ է տեսնում եւ ծանոթ չէ իմ մասնագիտական գործունեությանը»:

Դատավոր Աննա Մաթեւոսյանը ձայնագրությունն ըստ սահմանված կարգով ստանալու հիշեցման հետ համաձայնեց, սակայն հիշեցրեց նաեւ պաշտպանական կողմի արդեն իսկ նշված դիրքորոշումը: «Այն, ինչպես նշեց պաշտպանը, պայմանավորված է ամբաստանյալի կյանքի եւ առողջության հանգամանքով»,-ասաց դատավորը:

Մեզ հետ զրույցում «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հ/կ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը կատարվածի առնչությամբ հետեւյալն ասաց. «Նախ, ես ցնցված եմ կատարվածով, որովհետեւ մինչ օրս դատարաններում խնդիր էինք ունենում լուսանկարելու եւ տեսանկարելու…Քրեական դատավարության օրենսգիրքը, ցավոք, օրենսդրական բաց ունի եւ չի սահմանում ձայնագրման իրավունքը, ի տարբերություն քաղաքացիական եւ վարչական դատավարության օրենսգրքերի: Սա է, որ դատավորին հնարավորություն է տվել ձայնագրությունն արգելելու:

Այսինքն, չենք կարող պնդել, որ դատարանը խախտել է լրագրողի՝ ձայնագրություն կատարելու իրավունքը, որովհետեւ նշյալ օրենսգրքով դա չի սահմանված, եւ դա մեծ բաց է: Այսպես թե այնպես, դատարաններն իրենք են ձայնագրում բոլոր նիստերը, եւ այդ ձայնագրությունները հետագայում կարող են հասանելի լինել լրագրողներին եւ դատավարության կողմերին: Այնպես որ, սա բացառիկ դեպք է եւ հետընթաց՝ մեր պրակտիկայում: Առավել եւս, որ նիստը դռնբաց է եղել:

Նախորդ շաբաթ մեր հ/կ-ն Արդարադատության նախարարությանն առաջարկեց նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ, որպեսզի մեկ միասնական մոտեցում գործի բոլոր դատարաններում, եւ հստակեցվի տեսանկարահանման եւ լուսանկարահանման իրավունքը: Եթե ամբաստանյալը դժգոհություն է ունեցել լուսաբանման առումով, նա առավել եւս պետք է շահագրգռված լիներ, որպեսզի նիստը ձայնագրվեր»:

Ինչ վերաբերում է Թերեզա Սարգսյանի նախաքննական ցուցմունքներին, ապա դրանց մի մասը հրապարակվեց, քանի որ աշխատանքային ժամն ավարտվում էր: Դատարանն այս գործով աշխատանքը կշարունակի հաջորդ նիստում՝ դեկտեմբերի 13-ին, 14:30-ին: Ի դեպ, քանի որ Aravot.am-ի աշխատանքը խոչընդոտվեց, Թերեզա Սարգսյանի ցուցմունքի մանրամասները հրապարակել չենք կարող: Մեջբերենք հետեւյալը՝ նախաքննական ցուցմունքներում նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Թերեզա Օհանյանը եւ Վարսիկն ինձ գումար չեն տվել, այդ ամենը սուտ է: Ես Վարսիկից գումար չեմ պահանջել եւ չեմ ստացել: Ավելին, չեմ խոստացել Թերեզա Օհանյանի որդուն ազատել ցմահ պատժից: Ես Օհանյանին չեմ ճանաչել եւ չեմ իմացել, թե ով է նրա որդին»,-ասել է Թերեզա Սարգսյանն իր նախաքննական ցուցմունքներից մեկում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930